Հոդված 6
Հոդված 6
Միության ապրանքային նշանի հայտի նախնական փորձաքննությունը.
Միության ապրանքային նշանի հայտի հրապարակումը
1. Ներկայացման գերատեսչությունը Միության ապրանքային նշանի հայտն ստանալու օրվանից 1 ամսվա ընթացքում ստուգում է ներկայացված փաստաթղթերի ձևակերպման և տուրքի վճարման ճշտությունը՝ սույն պայմանագրի 4-րդ հոդվածի և հրահանգի պահանջներին համապատասխան, Միության ապրանքային նշանի հայտը ներկայացնելու օրը սահմանելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների առկայությունը, այդ թվում՝ ապրանքների ցանկի կազմման ու դրանց դասակարգման ճշտությունը:
2. Եթե հայտում բացակայում է սույն պայմանագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված որևէ տարր, ապա ներկայացման գերատեսչությունը որոշում է ընդունում Միության ապրանքային նշանի հայտի՝ ուսումնասիրության համար ընդունումը մերժելու մասին:
3. Սույն պայմանագրի 4-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված հայտի նյութերի սխալ ձևակերպման կամ սույն պայմանագրի 4-րդ հոդվածի 4-րդ կետում նշված փաստաթղթի կամ հրահանգով նախատեսված այլ փաստաթղթերի բացակայության կամ ոչ ճիշտ ձևակերպման դեպքում ներկայացման գերատեսչությունը հայտատուին հարցում է ուղարկում՝ հարցումն ուղարկելու օրվանից եռամսյա ժամկետում պակաս փաստաթղթերը ներկայացնելու և (կամ) նշված թերությունները վերացնելու վերաբերյալ:
Մինչև նշված ժամկետի ավարտը հայտատուն իրավունք ունի ներկայացման գերատեսչություն ներկայացնելու հարցմանը պատասխանելու ժամկետը երկարաձգելու մասին միջնորդություն:
Հարցմանը պատասխան ներկայացնելու ժամկետը ներկայացման գերատեսչության կողմից երկարաձգվում է հայտատուի միջնորդության մեջ նշված ժամկետով, սակայն հարցմանը պատասխանելու ժամկետը լրանալու օրվանից ոչ ավելի, քան 3 ամսով՝ ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ սահմանված չափով ներկայացման գերատեսչությանը տուրքը վճարելու պայմանով։
Ներկայացման գերատեսչության կողմից սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ փաստաթղթերի ուսումնասիրության ժամկետի հաշվարկը կասեցվում է հարցմանը պատասխանելու համար հայտատուին անհրաժեշտ ժամանակով՝ հաշվի առնելով սույն կետի երրորդ պարբերությամբ նախատեսված պահանջները։
Եթե սույն կետով սահմանված ժամկետում հարցման մեջ նշված պակաս փաստաթղթերը չեն ներկայացվում, և (կամ) թերությունները չեն վերացվում, ապա ներկայացման գերատեսչությունը որոշում է կայացնում Միության ապրանքային նշանի հայտի՝ ուսումնասիրության համար ընդունումը մերժելու մասին, ինչի մասին հայտատուին ծանուցում է ուղարկվում այդպիսի որոշում ընդունելու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում։
Իրավաբանական նշանակություն ունեցող գործողություններ չեն իրականացվում Միության ապրանքային նշանի այն հայտի առնչությամբ, որի վերաբերյալ դրա՝ ուսումնասիրության համար ընդունումը մերժելու մասին որոշում է ընդունվել։
Սույն կետի առաջին պարբերության մեջ նշված դեպքերում Միության ապրանքային նշանի հայտի քննարկման ժամկետը երկարաձգվում է, սակայն հարցման պատասխանը ստանալու կամ պակաս փաստաթղթերը ներկայացնելու օրվանից ոչ ավելի, քան 1 ամսով։
4. Միության ապրանքային նշանի հայտ ներկայացնելու ամսաթիվը սահմանվում է այն ամսաթվով, որով ներկայացման գերատեսչություն է ներկայացվել սույն պայմանագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետում նշված բոլոր տարրերը պարունակող՝ Միության ապրանքային նշանի հայտը:
5. Եթե Միության ապրանքային նշանի հայտը, այդ թվում՝ փոխակերպված հայտը համապատասխանում է սույն պայմանագրի 4-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ապա ներկայացման գերատեսչությունը որոշում է ընդունում հայտը պաշտոնական կայքում հրապարակելու մասին և այդպիսի որոշումն ընդունելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին ծանուցում է Միության ապրանքային նշանի հայտ ներկայացնելու ամսաթիվը սահմանելու մասին, ինչպես նաև մյուս անդամ պետությունների ազգային արտոնագրային գերատեսչություններ հարցում է ուղարկում՝ հայտարկված նիշի փորձաքննությունն անցկացնելու համար տուրքի գումարի և նշված տուրքը վճարելու համար վճարային վավերապայմանների նշումով փաստաթուղթը ներկայացնելու վերաբերյալ:
Բաց հասանելիությամբ պաշտոնական կայքում Միության ապրանքային նշանի հայտի հրապարակումն իրականացվում է հայտատուին նշված ծանուցումն ուղարկելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Միության ապրանքային նշանի հայտի հրապարակման ամսաթիվը պաշտոնական կայքում այն տեղադրելու ամսաթիվն է։
6. Ազգային արտոնագրային գերատեսչությունները հարցումն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացման գերատեսչություն են ուղարկում փաստաթուղթ՝ նշելով հայտարկված նիշի փորձաքննությունն անցկացնելու համար տուրքի գումարը և նշված տուրքը վճարելու համար վճարային վավերապայմանները:
Հայտարկված նիշի փորձաքննությունն անցկացնելու համար տուրքերի չափերը (այդ թվում նաև այն դեպքում, երբ Միության ապրանքային նշանի գրանցումը խնդրարկվում է մեկից ավելի դասերի ապրանքների նկատմամբ՝ Ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան) սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:
7. Ներկայացման գերատեսչությունը սույն հոդվածի 6-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին ծանուցում է ուղարկում հայտարկված նիշի փորձաքննությունն անցկացնելու համար տուրքերը վճարելու անհրաժեշտության մասին՝ կցելով այդպիսի տուրքերի գումարների և դրանց վճարման համար վճարային վավերապայմանների նշումով փաստաթղթերը:
8. Հայտարկված նիշի փորձաքննությունն անցկացնելու համար տուրքերն ազգային արտոնագրային գերատեսչություններին վճարելու անհրաժեշտության մասին ծանուցումն ուղարկելու օրվանից 1 ամսվա ընթացքում հայտատուն ներկայացման գերատեսչություն է ներկայացնում հայտարկված նիշի փորձաքննությունն անցկացնելու համար տուրքերի՝ սահմանված չափով կատարված վճարման մասին տեղեկությունները պարունակող փաստաթղթերը:
Նշված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում ներկայացման գերատեսչությունն Միության ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշում է կայացնում և այդպիսի որոշում կայացնելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է ուղարկում հայտատուին:
9. Հայտարկված նիշի փորձաքննությունն անցկացնելու համար տուրքերի վճարումը կատարված լինելու մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացման գերատեսչությունը մյուս անդամ պետությունների ազգային արտոնագրային գերատեսչություններ է ուղարկում Միության ապրանքային նշանի հրապարակված հայտը և հայտարկված նիշի փորձաքննությունն անցկացնելու համար տուրքերի վճարումը կատարված լինելու մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերը: