Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը տնօրինելը

1. Իրավատերն իրավունք ունի տնօրինելու Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը։

2. Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը կարող է լինել իրավունքի փոխանցման (զիջման, օտարման), օգտագործման իրավունքի տրամադրման (լիցենզային (ենթալիցենզային) պայմանագիր, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համապարփակ լիցենզիայի պայմանագիր (առևտրային կոնցեսիայի (ենթակոնցեսիայի) պայմանագիր), գրավի կամ անդամ պետության օրենսդրությամբ այդ անդամ պետությունում գրանցված ապրանքային նշանների համար նախատեսված ձևերով այլ կերպ տնօրինման, ինչպես նաև համապարփակ իրավահաջորդության կարգով անցման օբյեկտի և իրավատիրոջ գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում:

3. Միության ապրանքային նշանի բացառիկ իրավունքի փոխանցումը (զիջումը, օտարումը) պայմանագրով ենթակա է գրանցման ներկայացման գերատեսչությունում:

Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը կարող է փոխանցվել (զիջվել, օտարվել) բոլոր ապրանքների կամ ապրանքների մի մասի համար այն դեպքում, երբ դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ, և միայն բոլոր անդամ պետությունների տարածքներում այդպիսի փոխանցումը միաժամանակ իրականացնելու պայմանով:

Ապրանքների մի մասի համար Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի փոխանցման (զիջման, օտարման) դեպքում ներկայացման գերատեսչության կողմից հանձնվում է Միության ապրանքային նշանի նոր վկայագիր։

Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի փոխանցման (զիջման, օտարման) մասին պայմանագիրը կազմվում է գրավոր՝ այն անդամ պետության օրենսդրության պահանջներին համապատասխան, որտեղ այդ փոխանցումը (զիջումը, օտարումը) ենթակա է գրանցման։

Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի փոխանցումը (զիջումը, օտարումը), առանց պայմանագրի անցումը գրանցելու մասին տեղեկությունները ներկայացման գերատեսչության կողմից մուտքագրվում են Միության ապրանքային նշանների միասնական ռեեստր:

4. Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը կարող է գրավի առարկա լինել այն անդամ պետությունում (անդամ պետություններում), որի օրենսդրությամբ նախատեսվում է ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գրավ:

Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գրավը ենթակա է գրանցման ներկայացման գերատեսչությունում՝ նշված գրավի գրանցման համար այդ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գրավի գրանցման մասին տեղեկությունները մուտքագրվում են Միության ապրանքային նշանների միասնական ռեեստր:

5. Միության ապրանքային նշանի օգտագործման իրավունքի՝ լիցենզային, (ենթալիցենզային) կամ այլ պայմանագրով տրամադրումը ենթակա է գրանցման այն անդամ պետությունների ազգային արտոնագրային գերատեսչություններից որևէ մեկում, որոնց տարածքներում տրամադրվում է Միության ապրանքային նշանի օգտագործման իրավունքը՝ ապրանքային նշանի օգտագործման իրավունքի տրամադրման գրանցման համար անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:

Միության ապրանքային նշանի օգտագործման իրավունքի՝ (լիցենզային, ենթալիցենզային և (կամ) այլ) պայմանագրով տրամադրման գրանցման մասին տեղեկություններն ազգային արտոնագրային գերատեսչությունների կողմից մուտքագրվում են Միության ապրանքային նշանների միասնական ռեեստր:

6. Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի՝ պայմանագրով տնօրինման գրանցման համար վճարվում են տուրքեր այն անդամ պետության ազգային արտոնագրային գերատեսչությանը, որտեղ իրականացվում է գրանցումը՝ այդպիսի տնօրինման գրանցման համար այդ պետության օրենսդրությամբ նախատեսված չափով և կարգով:

7. Լիցենզային պայմանագրի կամ այնպիսի այլ պայմանագրի կողմը (կողմերը), որի միջոցով, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, տրամադրվում է Միության ապրանքային նշանի օգտագործման իրավունքը, Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գրավի մասին պայմանագրի կողմը (կողմերը) պարտավոր է (պարտավոր են) այդպիսի պայմանագրերի փոփոխության կամ գործողության դադարեցման մասին տեղեկացնել այն անդամ պետության ազգային արտոնագրային գերատեսչությանը, որի տարածքում տրամադրվում է Միության ապրանքային նշանի օգտագործման բացառիկ իրավունքը՝ պայմանագրի համապատասխան տեսակի համար այդ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Առանց Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի տնօրինումը գրանցելու՝ Միության ապրանքային նշանների միասնական ռեեստրում այդպիսի տնօրինումը համարվում է անվավեր: Գործարքի անվավերության հետևանքները որոշվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։