Հոդված 20
Հոդված 20
Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման կարգը
1. Միության ԱԾՏ հայտը հայտատուի կողմից ներկայացվում է ներկայացման գերատեսչություն:
Եթե հայտատուն անդամ պետության իրավաբանական կամ ֆիզիկական անձ է, ապա ներկայացման գերատեսչություն է այն պետության ազգային արտոնագրային գերատեսչությունը, որի տարածքում գտնվում է ապրանքի ծագման վայրը: Եթե հայտատուն Միության անդամ չհանդիսացող պետության իրավաբանական կամ ֆիզիկական անձ է, ապա ներկայացման գերատեսչություն կարող է լինել ցանկացած անդամ պետության ազգային արտոնագրային գերատեսչությունը:
2. Միության ԱԾՏ հայտը պետք է վերաբերվի Միության մեկ ԱԾՏ-ի և պարունակի՝
1) հայտատուի անվանումը (ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)) և գտնվելու (բնակության վայրի) հասցեն, ինչպես նաև ներկայացման գերատեսչության պետության տարածքում նամակագրություն վարելու հասցեն.
2) հայտարկվող նիշը.
3) այն ապրանքի անվանման նշումը, որի նշման համար խնդրարկվում է գրանցումը և Միության ԱԾՏ-ի օգտագործման իրավունքի տրամադրումը կամ Միության գրանցված ԱԾՏ-ի օգտագործման իրավունքի տրամադրումը՝ դրա արտադրության վայրի (աշխարհագրական օբյեկտի սահմանների) նշումով.
4) ապրանքի առանձնահատուկ հատկանիշների նկարագրությունը։
3. Միության ԱԾՏ հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) այն անդամ պետության իրավաբանական կամ ֆիզիկական անձի համար, որի տարածքում գտնվում է ապրանքի ծագման վայրը՝ անդամ պետության լիազորված մարմնի եզրակացությունն այն մասին, որ հայտատուն արտադրում է ապրանք, որի առանձնահատուկ հատկանիշները որոշվում են տվյալ աշխարհագրական օբյեկտին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով.
2) Միության անդամ չհանդիսացող պետության իրավաբանական կամ ֆիզիկական անձի համար՝ փաստաթուղթ, որով հաստատվում է ապրանքի ծագման պետությունում Միության հայտարկված ԱԾՏ-ի օգտագործման այդպիսի անձի իրավունքը.
3) Միության ԱԾՏ հայտը ներկայացնելու և փորձաքննության համար ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ սահմանված չափով տուրքերի վճարումը հաստատող փաստաթղթեր։
4. Միության ԱԾՏ հայտին, Միության ԱԾՏ հայտին կցվող փաստաթղթերին ներկայացվող պահանջները և ներկայացման գերատեսչության կողմից Միության ԱԾՏ հայտի փորձաքննության անցկացման կարգը սահմանվում են ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ:
Միության ԱԾՏ հայտի առնչությամբ ներկայացման գերատեսչության հետ գործերի վարումը կարող է հայտատուի կողմից իրականացվել ինքնուրույն կամ ներկայացուցչի միջոցով, այդ թվում՝ համապատասխան ներկայացման գերատեսչությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով։
5. Որպես Միության ԱԾՏ կարող է ճանաչվել այն նիշը, որը թույլ է տալիս ապրանքը նույնականացնել որպես որոշակի աշխարհագրական օբյեկտի տարածքից ծագող, և որը, թեև չի պարունակում այդ օբյեկտի անվանումը, սակայն հայտնի է դարձել տվյալ նիշն այն ապրանքի նկատմամբ օգտագործելու արդյունքում, որի առանձնահատուկ հատկանիշները բացառապես կամ գլխավորապես որոշվում են տվյալ աշխարհագրական օբյեկտին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով:
Որպես Միության ԱԾՏ չի ճանաչվում այն նիշը, որը, թեև աշխարհագրական օբյեկտի անվանում է կամ իր մեջ պարունակում է այդ անվանումը, սակայն համընդհանուր օգտագործման մեջ է մտել որպես ցանկացած անդամ պետության տարածքում որոշակի տեսակի ապրանքի՝ դրա արտադրության վայրի հետ չկապված նիշ:
6. Միության ԱԾՏ հայտի փորձաքննության արդյունքներով ընդունված որոշումների հետ չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի որոշումն ստանալու օրվանից 3 ամսվա ընթացքում ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ սահմանված կարգով այն բողոքարկելու:
7. Միության ԱԾՏ-ի գրանցման և դրա օգտագործման իրավունքի տրամադրման մասին որոշում կամ Միության գրանցված ԱԾՏ-ի օգտագործման իրավունքի տրամադրման մասին որոշում ընդունած ներկայացման գերատեսչությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին ծանուցում է ընդունված որոշման մասին և ազգային արտոնագրային գերատեսչություններ է ուղարկում փաստաթղթեր տրամադրելու մասին հարցումներ՝ նշելով Միության ԱԾՏ-ի գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի վկայագրի հանձնման համար տուրքերի գումարները և այդպիսի տուրքերի վճարման համար վճարային վավերապայմանները:
Ազգային արտոնագրային գերատեսչությունները հարցումն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացման գերատեսչություն են ուղարկում փաստաթղթեր՝ նշելով Միության ԱԾՏ-ի գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի վկայագիրը հանձնելու համար տուրքի գումարը և այդպիսի տուրքի վճարման համար վճարային վավերապայմանները։
Նշված տուրքերի չափերը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ։
Միության ԱԾՏ-ի գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի վկայագրի հանձնման համար ազգային արտոնագրային գերատեսչություններ տուրքը վճարելու անհրաժեշտության մասին ծանուցումն ուղարկվելու օրվանից 1 ամսվա ընթացքում հայտատուն ներկայացման գերատեսչություն է ներկայացնում Միության ԱԾՏ-ի գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի վկայագրի հանձնման համար տուրքերի վճարումը կատարված լինելու մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթեր:
Նշված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում ներկայացման գերատեսչությունը Միության ԱԾՏ-ի գրանցումը մերժելու մասին որոշում է կայացնում և այդպիսի որոշում կայացնելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցում է ուղարկում հայտատուին:
Միության ԱԾՏ-ի գրանցման և օգտագործման իրավունքի տրամադրման մասին որոշման հիման վրա՝ ներկայացման գերատեսչությունը Միության ԱԾՏ-ի գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի վկայագրի հանձնման համար տուրքերի վճարումը հավաստող փաստաթղթերն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում Միության ԱԾՏ-ների միասնական ռեեստրում տեղեկություններ է մուտքագրում և հանձնում է Միության ԱԾՏ-ի օգտագործման իրավունքի վկայագիրը։
Միության ԱԾՏ-ների միասնական ռեեստրի տեղեկությունների կազմը, ինչպես նաև Միության ԱԾՏ-ի օգտագործման իրավունքի վկայագրի ձևն ու դրանում նշվող տեղեկությունների կազմը սահմանվում են հրահանգով:
Միության ԱԾՏ-ների միասնական ռեեստրում տեղեկությունների ուղղումներն ու փոփոխությունները կատարվում են հրահանգով սահմանված կարգով և ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ սահմանված տուրքը վճարելու պայմանով:
Միության ԱԾՏ-ների միասնական ռեեստրի ազգային բաժինների տեղեկությունների հավաստիության և ամբողջականության համար պատասխանատվություն են կրում այն ազգային արտոնագրային գերատեսչությունները, որոնք զետեղել են համապատասխան տեղեկատվությունը։