Հոդված 8
Հոդված 8
Միության ապրանքային նշանի գրանցումը մերժելու հիմքերը
1. Սույն պայմանագրին և հրահանգին համապատասխան՝ որպես Միության ապրանքային նշաններ չեն կարող գրանցվել այն նիշերը՝
1) որոնց վրա չի տարածվում սույն պայմանագրի գործողությունը.
2) որոնք չունեն տարբերակիչ հատկանիշ.
3) որոնք նկարագրական են, մասնավորապես՝ բաղկացած են միայն այն տարրերից, որոնք՝
օգտագործվում են ապրանքների տեսակը, որակը, քանակը, հատկանիշները, նշանակությունը, արժեքը, ինչպես նաև դրանց արտադրության կամ սպառման ժամանակը, վայրը և միջոցը նշելու համար.
համընդհանուր օգտագործման մեջ են մտել որոշակի տեսակի ապրանքներ նշելու համար.
համընդհանուր ճանաչում ունեցող խորհրդանիշներ և եզրույթներ են.
ապրանքի ձև կամ փաթեթվածք են՝ պայմանավորված բացառապես կամ գլխավորապես ապրանքի հատկությամբ կամ նշանակությամբ.
4) որոնք հակասում են հանրային շահերին, հասարակական կարգին, մարդասիրության կամ բարոյականության սկզբունքներին.
5) որոնք կեղծ են կամ կարող են սպառողին մոլորության մեջ գցել ապրանքի, դրա ծագման վայրի կամ արտադրողի վերաբերյալ հարցում.
6) որոնք պետական խորհրդանիշներ և նշաններ են (դրոշներ, զինանշաններ, շքանշաններ, դրամանիշներ և այլն), պետությունների ամբողջական կամ կրճատ պաշտոնական անվանումներ, միջազգային միջկառավարական կազմակերպությունների անվանումներ, դրանց դրոշները, զինանշաններ, այլ խորհրդանիշներ, նշաններ և դրանց տարրերը, պաշտոնական վերահսկողական, երաշխիքային և հարգորոշիչ դրոշմներ, կնիքներ, պարգևներ և այլ տարբերանշաններ կամ նշված օբյեկտներին շփոթելու աստիճան նման նիշեր։ Այդպիսի նիշերը կարող են Միության ապրանքային նշանի մեջ ներառվել որպես չպահպանվող տարրեր, եթե դրա վերաբերյալ առկա է համապատասխան իրավասու պետական մարմնի, միջազգային կամ միջկառավարական կազմակերպության համաձայնությունը.
7) որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են անդամ պետությունների ժողովուրդների մշակութային ժառանգության օբյեկտների կամ համաշխարհային մշակութային կամ բնական ժառանգության օբյեկտների պաշտոնական անվանումներին և պատկերներին.
8) որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են անդամ պետությունների տարածքներում սահմանված կարգով գրանցված սերտիֆիկացման նշաններին կամ համապատասխանության նշաններին։
2. Սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված նիշերը կարող են, որպես չպահպանվող նիշեր, ներառվել Միության ապրանքային նշանի մեջ, եթե այդ նիշերը դրա մեջ գերիշխող մաս չեն զբաղեցնում:
Սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետում նշված նիշերը կարող են գրանցվել որպես Միության ապրանքային նշան, եթե Միության ապրանքային նշանի հայտ ներկայացնելու օրվա դրությամբ հայտարկված նիշն օգտագործելու արդյունքում բոլոր անդամ պետությունների տարածքներում ձեռք է բերել տարբերակիչ հատկանիշ։
Սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ և (կամ) 3-րդ ենթակետերում նշված նիշերի համակցությունը կարող է գրանցվել որպես Միության ապրանքային նշան, եթե այն ունի տարբերակիչ հատկանիշ։
3. Որպես Միության ապրանքային նշաններ չեն կարող գրանցվել այն նիշերը, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են՝
1) այն նիշերին, որոնք անդամ պետություններից որևէ մեկում այլ անձանց կողմից հայտարկված են գրանցման՝ համանման ապրանքների համար, և ունեն ավելի վաղ առաջնություն, եթե այլ անձի՝ ապրանքային նշանի գրանցման հայտը հետ չի կանչվել, կամ դրա վերաբերյալ չի ընդունվել ուսումնասիրության համար դրա ընդունումը, գրանցումը մերժելու մասին որոշում.
2) համանման ապրանքների համար այլ անձանց ապրանքային նշաններին, որոնք պահպանվում են անդամ պետություններից մեկում և ունեն ավելի վաղ առաջնություն.
3) այլ անձանց ապրանքային նշաններին, որոնք անդամ պետություններից մեկում՝ հայտարկված նիշի առաջնությունից ավելի վաղ ամսաթվից են ճանաչվել որպես հանրահայտ ապրանքային նշաններ և այդ պետությունում պահպանվում են տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Այն դեպքում, երբ անդամ պետությունների տարածքներում շփոթելու աստիճան նման ապրանքային նշանների նկատմամբ կամ համանման ապրանքների համար առաջնության ավելի վաղ ամսաթիվ ունեցող հայտարկված նիշերի նկատմամբ իրավունքները պատկանում են տարբեր անձանց, ապա Միության ապրանքային նշանի իրավական պահպանություն տրամադրելու համար պահանջվում է բոլոր իրավատերերի համաձայնությունը:
Կոլեկտիվ նշաններին շփոթելու աստիճան նման նիշերի նկատմամբ սույն կետի առաջին պարբերության դրույթները չեն կիրառվում:
5. Ցանկացած ապրանքի համար որպես Միության ապրանքային նշաններ չեն կարող գրանցվել այն նիշերը, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են սույն պայմանագրին կամ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պահպանվող ապրանքի ԱԾՏ-ին և այն նիշին, որը, որպես այդպիսին, գրանցման համար հայտարկվել է մինչև Միության ապրանքային նշանի առաջնության ամսաթիվը, եթե Միության ապրանքային նշանի այդպիսի գրանցումը կարող է սպառողին մոլորության մեջ գցել ապրանքի ծագման վայրի և (կամ) արտադրողի վերաբերյալ հարցերում: Այդ ԱԾՏ-ն կամ դրան շփոթելու աստիճան նման նիշը կարող է որպես չպահպանվող տարր ներառվել Միության այն ապրանքային նշանի մեջ, որը գրանցվում է այդ ԱԾՏ-ի օգտագործման իրավունքն ունեցող անձի անունով, եթե Միության ապրանքային նշանի գրանցումն իրականացվում է այն նույն ապրանքների համար, որոնց անհատականացման նպատակով գրանցվել է ԱԾՏ-ն:
6. Համանման ապրանքների համար որպես Միության ապրանքային նշաններ չեն կարող գրանցվել այն նիշերը, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են անդամ պետություններից մեկում պահպանվող ֆիրմային անվանման կամ առևտրային նիշի (այդ անվանման կամ նիշի առանձին տարրերին) կամ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված սելեկցիոն նվաճման այն անվանմանը, որի նկատմամբ իրավունքներն անդամ պետության տարածքում այլ անձանց մոտ ծագել են գրանցվող Միության ապրանքային նշանի առաջնության ամսաթվից ավելի վաղ:
7. Որպես Միության ապրանքային նշաններ չեն կարող գրանցվել այն նիշերը, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են հետևյալ օբյեկտներին՝
1) գիտության, գրականության կամ արվեստի՝ անդամ պետություններից մեկում հայտնի ստեղծագործության անվանում, այդ ստեղծագործությունից կերպար կամ մեջբերում, արվեստի ստեղծագործություն կամ դրա հատված՝ առանց իրավատիրոջ համաձայնության, եթե համապատասխան ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագել է գրանցվող Միության ապրանքային նշանի առաջնության ամսաթվից ավելի վաղ.
2) անդամ պետություններից մեկում հայտնի անձի ազգանուն, անուն, կեղծանուն կամ դրանցից ածանցված նիշ, դիմանկար կամ ֆաքսիմիլե՝ առանց այդ անձի կամ նրա ժառանգների կամ նրանց իրավահաջորդների կամ այլ շահագրգիռ անձանց համաձայնության, որոնք իրականացնում են այդ անձի պատվի և արժանապատվության պաշտպանություն նրա մահվանից հետո.
3) արդյունաբերական նմուշ, որի նկատմամբ իրավունքներն անդամ պետությունում ծագել են գրանցվող Միության ապրանքային նշանի առաջնության ամսաթվից ավելի վաղ և չեն պատկանում հայտատուին: