Հոդված 16
Հոդված 16
Միության ապրանքային նշանի իրավական պահպանության դադարեցումը
1. Միության ապրանքային նշանի իրավական պահպանությունը դադարեցվում է՝
1) Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի ժամկետը լրանալու հետ կապված.
2) իրավատիրոջ՝ Միության ապրանքային նշանի նկատմամբ իրավունքից հրաժարվելու դեպքում.
3) Միության կոլեկտիվ նշանի իրավական պահպանության վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ դատարանի՝ այդ նշանը որակի միասնական բնութագրեր կամ այլ ընդհանուր բնութագրեր չունեցող ապրանքների վրա օգտագործելու հետ կապված որոշման հիման վրա.
4) իրավահաջորդի բացակայության դեպքում՝ ազգային արտոնագրային գերատեսչության որոշման կամ Միության ապրանքային նշանի իրավական պահպանությունը վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա՝ ցանկացած անձի դիմումի համաձայն, հետևյալ դեպքերում.
Միության ապրանքային նշանի իրավատեր հանդիսացող իրավաբանական անձի լուծարում (գործունեության դադարեցում),
Միության ապրանքային նշանի իրավատեր հանդիսացող ֆիզիկական անձի մահ.
5) ազգային արտոնագրային գերատեսչության որոշման կամ Միության ապրանքային նշանի իրավական պահպանությունը վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա՝ շահագրգիռ անձի դիմումի համաձայն՝ Միության ապրանքային նշանը որպես որոշակի տեսակի ապրանքների նիշ համընդհանուր օգտագործման մեջ մտած նիշ դառնալու դեպքում.
6) Միության ապրանքային նշանը չօգտագործելու հետևանքով բոլոր ապրանքների համար դրա իրավական պահպանությունը վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա։ Եթե դատարանի որոշումը վերաբերում է ապրանքների միայն մի մասին, ապա Միության ապրանքային նշանի իրավական պահպանությունը դադարեցվում է ապրանքների այդ մասի համար:
2. Միության ապրանքային նշանի իրավական պահպանությունը կարող է վաղաժամկետ դադարեցվել՝ Միության ապրանքային նշանների միասնական ռեեստրում այն գրանցելու օրվանից ցանկացած 3 տարվա ընթացքում անընդմեջ չօգտագործելու հետևանքով:
Միության ապրանքային նշանի իրավական պահպանությունը՝ այն չօգտագործելու հետևանքով վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմումը շահագրգիռ անձի կողմից ներկայացվում է դատարան նշված 3 տարին լրանալուց հետո՝ պայմանով, որ ընդհուպ մինչև նման դիմում ներկայացնելը Միության ապրանքային նշանը չի օգտագործվել։
Միության ապրանքային նշանի իրավական պահպանությունը՝ այն չօգտագործելու հետևանքով վաղաժամկետ դադարեցնելու ընթացակարգերն իրականացնելու ժամանակ Միության ապրանքային նշանի գրանցումն ուժի մեջ թողնելու նպատակով հաշվի է առնվում Միության ապրանքային նշանի օգտագործումը ցանկացած անդամ պետության տարածքում։
Սույն պայմանագրի նպատակներով` Միության ապրանքային նշանի օգտագործում է համարվում դրա օգտագործումն իրավատիրոջ կամ այն անձի կողմից, որին այդպիսի իրավունք է տրամադրվել լիցենզային պայմանագրի հիման վրա, կամ իրավատիրոջ հսկողության ներքո Միության ապրանքային նշանի օգտագործումն իրականացնող այլ անձի կողմից (բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան գործողություններն անմիջականորեն կապված չեն ապրանքը քաղաքացիական շրջանառության մեջ դնելու հետ), ինչպես նաև Միության ապրանքային նշանի օգտագործումը՝ դրա տարբերակիչ հատկության վրա չազդող և Միության ապրանքային նշանին տրամադրված իրավական պահպանությունը չսահմանափակող դրա առանձին տարրերի փոփոխությամբ՝ հետևյալի միջոցով.
Միության ապրանքային նշանի կիրառում այն ապրանքների վրա, որոնց համար այն գրանցված է, այդ ապրանքների պիտակների և փաթեթվածքների վրա,
Միության ապրանքային նշանով նշված ապրանքների պատրաստում, վաճառքի համար առաջարկում, վաճառք, պահպանում, ներմուծում,
Միության ապրանքային նշանի կիրառում աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ,
Միության ապրանքային նշանի կիրառում` ցուցահանդեսներում և տոնավաճառներում ցուցադրության ժամանակ, գովազդում, տպագիր հրատարակություններում, ցուցանակներում, ապրանքները քաղաքացիական շրջանառության մեջ դնելու հետ կապված փաստաթղթերում, «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում, այդ թվում՝ դոմենային անվանման մեջ:
Միության ապրանքային նշանի իրավական պահպանությունը՝ այն չօգտագործելու հետևանքով վաղաժամկետ դադարեցնելու հարցի լուծման ժամանակ իրավատերը ներկայացնում է Միության ապրանքային նշանի օգտագործման վերաբերյալ ապացույցներ, ընդ որում, կարող են հաշվի առնվել իրավատիրոջ կողմից ներկայացված ապացույցներն այն մասին, որ Միության ապրանքային նշանը չի օգտագործվել՝ նրանից անկախ հանգամանքներով պայմանավորված:
3. Միության ապրանքային նշանի իրավական պահպանությունը չի կարող անվավեր ճանաչվել սույն պայմանագրի 15-րդ հոդվածին համապատասխան կամ դադարեցվել սույն հոդվածի 1-ին կետի 3-6-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով՝ առանց իրավատիրոջն իր իրավունքները պաշտպանելու համար բավականաչափ ժամանակ տրամադրելու: