Հոդված 2
Հոդված 2
Սահմանումները
Սույն պայմանագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
«Միության ԱԾՏ-ների միասնական ռեեստր»՝ Միության ԱԾՏ-ների վերաբերյալ տեղեկությունների ամբողջություն, որը կազմված է ազգային բաժիններից (ըստ անդամ պետությունների) և տեղադրվում է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Միության պաշտոնական կայքում.
«Միության ապրանքային նշանների միասնական ռեեստր»՝ Միության ապրանքային նշանների (սպասարկման նշանների) վերաբերյալ տեղեկությունների ամբողջություն, որը կազմված է ազգային բաժիններից (ըստ անդամ պետությունների) և տեղադրվում է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Միության պաշտոնական կայքում.
«հայտատու»՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը Միության ապրանքային նշանի կամ Միության ԱԾՏ հայտ է ներկայացրել ազգային արտոնագրային գերատեսչություն.
«Միության ԱԾՏ հայտ»՝ Միության ԱԾՏ-ի գրանցման և օգտագործման իրավունքի տրամադրման հայտ կամ Միության գրանցված ԱԾՏ-ի օգտագործման իրավունքի տրամադրման հայտ, որը Միության ԱԾՏ-ն գրանցելու և Միության ԱԾՏ-ն օգտագործելու իրավունք տրամադրելու կամ Միության գրանցված ԱԾՏ-ն օգտագործելու իրավունք տրամադրելու համար անհրաժեշտ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ է.
«Միության ապրանքային նշանի հայտ»՝ Միության ապրանքային նշանի (սպասարկման նշանի) գրանցման հայտ՝ Միության ապրանքային նշանը և (կամ) Միության սպասարկման նշանը գրանցելու համար անհրաժեշտ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ.
«հրահանգ»՝ ակտ, որով սահմանվում են Միության ապրանքային նշանի (սպասարկման նշանի) կամ Միության ԱԾՏ-ի գրանցման հայտերը ներկայացնելու, դրանց ուսումնասիրության, Միության ապրանքային նշանների (սպասարկման նշանների) և Միության ԱԾՏ-ի գրանցման ու դրանց իրավական պահպանության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող կանոնները.
«Միության կոլեկտիվ նշան»՝ միավորման կազմում ընդգրկված անձանց կողմից արտադրվող և (կամ) իրացվող ապրանքները նշելու համար նախատեսված այնպիսի ընկերակցության, միության կամ այլ միավորման ապրանքային նշան, որոնց ստեղծումը և գործունեությունը չի հակասում այն անդամ պետության օրենսդրության պահանջներին, որի տարածքում դրանք ստեղծվել են.
«ազգային արտոնագրային գերատեսչություն»՝ անդամ պետության լիազորված մարմին (կազմակերպություն), որը պատասխանատու է՝ իր պետության օրենսդրությանը համապատասխան, սույն պայմանագիրն իրագործելու համար։ Սույն պայմանագրում այն ազգային արտոնագրային գերատեսչությունը, որտեղ ներկայացվել է Միության ապրանքային նշանի հայտը կամ Միության ԱԾՏ հայտը, կոչվում է «ներկայացման գերատեսչություն».
«Միության ԱԾՏ»՝ միաժամանակ բոլոր անդամ պետությունների տարածքներում պահպանվող նիշ, որը երկրի, քաղաքային կամ գյուղական բնակավայրի, տեղանքի կամ այլ աշխարհագրական օբյեկտի ժամանակակից կամ պատմական, պաշտոնական կամ ոչ պաշտոնական, լրիվ կամ կրճատ անվանումն է կամ պարունակում է այդ անվանումը, ինչպես նաև դրանից ածանցված և այն ապրանքի առնչությամբ օգտագործման արդյունքում հայտնի դարձած նիշ, որի առանձնահատուկ հատկանիշները բացառապես կամ գլխավորապես որոշվում են տվյալ աշխարհագրական օբյեկտին բնորոշ բնապայմաններով և (կամ) մարդկային գործոններով.
«պաշտոնական կայք»՝ Միության պաշտոնական կայք «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում.
«տուրք»՝ սույն պայմանագրով նախատեսված՝ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների իրականացման համար վճար, որը փոխանցվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
«իրավատեր»՝ Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունք կամ Միության ԱԾՏ-ի օգտագործման իրավունք ունեցող անձ.
«Միության ապրանքային նշանի վկայագիր»՝ փաստաթուղթ, որը հավաստում է Միության ապրանքային նշանի առաջնությունը և անդամ պետությունների տարածքներում դրանում նշված ապրանքների մասով Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը.
«Միության ԱԾՏ-ի օգտագործման իրավունքի վկայագիր»՝ փաստաթուղթ, որը հավաստում է անդամ պետությունների տարածքներում ԱԾՏ-ի օգտագործման իրավունքը.
«Միության ապրանքային նշան»՝ Միության ապրանքային նշան (սպասարկման նշան)՝ բոլոր անդամ պետությունների տարածքներում միաժամանակ պահպանվող՝ ապրանքների, աշխատանքների և (կամ) ծառայությունների (այսուհետ՝ ապրանքներ) անհատականացման համար ծառայող նիշ:
Գլուխ II
Միության ապրանքային նշաններ