Հոդված 3
Հոդված 3
Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը
1. Իրավատերը բացառիկ իրավունք ունի անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան օգտագործելու Միության ապրանքային նշանը և տնօրինելու այդ բացառիկ իրավունքը, ինչպես նաև իրավունք ունի այլ անձանց արգելելու համանման ապրանքների համար օգտագործել Միության ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճան նման նիշը:
Ոչ ոք առանց իրավատիրոջ թույլտվության` համանման ապրանքների համար իրավունք չունի օգտագործելու անդամ պետությունների տարածքներում պահպանվող Միության ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճան նման նիշերը։
2. Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը գործում է Միության ապրանքային նշանների միասնական ռեեստրում այն գրանցելու օրվանից մինչև 10 տարին լրանալը, որը հաշվարկվում է Միության ապրանքային նշանի հայտը ներկայացնելու օրվանից:
Բացառիկ իրավունքի գործողության ժամկետը, այդ իրավունքի գործողության վերջին տարվա ընթացքում ներկայացված իրավատիրոջ դիմումի համաձայն, կարող է 10 տարով երկարաձգվել ներկայացման գերատեսչության կողմից՝ հրահանգի պահանջները պահպանելու պայմանով։
3. Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը կարող է անսահմանափակ անգամ երկարաձգվել:
Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը երկարաձգելու դեպքում ազգային արտոնագրային գերատեսչություններում ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման համար վճարվում են տուրքեր՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված չափով։
Իրավատիրոջ միջնորդությամբ Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը լրանալուն պես սույն հոդվածի 2-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու համար նրան տրվում է 6 ամիս՝ ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ սահմանված չափով ներկայացման գերատեսչությանը լրացուցիչ տուրք վճարելու պայմանով։
4. Անդամ պետության տարածքում Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտմանը վերաբերող վեճերը կարգավորվում են այդ պետության օրենսդրությանը համապատասխան:
5. Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտման համար անդամ պետության օրենսդրությամբ նախատեսվում է նույնպիսի պատասխանատվություն, ինչպիսին նախատեսված է այդ պետությունում գրանցված ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտման համար: