Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Միության ապրանքային նշանի հայտը

1. Միության ապրանքային նշանի հայտը հայտատուի կողմից ներկայացման գերատեսչություն է ներկայացվում հրահանգով սահմանվող ձևով և կարգով:

2. Միության ապրանքային նշանի հայտը պետք է պարունակի՝

1) հայտատուի անվանումը (ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)) և գտնվելու վայրի (բնակության վայրի) հասցեն, ինչպես նաև ներկայացման գերատեսչության պետության տարածքում նամակագրություն վարելու հասցեն.

2) հայտարկվող նիշը.

3) այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ խնդրարկվում է Միության ապրանքային նշանի գրանցումը, և որոնք խմբավորված են «Նշանների գրանցման նպատակներով ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման վերաբերյալ» 1957 թվականի հունիսի 15-ի Նիցցայի համաձայնագրով նախատեսված՝ Նշանների գրանցման նպատակներով ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (այսուհետ՝ ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգում) դասերին համապատասխան։

3. Միության ապրանքային նշանի հայտը կարող է պարունակել՝

1) հայտ ներկայացնելու օրվանից ավելի վաղ առաջնության սահմանման նշում, որը կարող է ներկայացվել Միության ապրանքային նշանի հայտը ներկայացնելու օրվանից 1 ամսվա ընթացքում.

2) նշում այն մասին, որ Միության ապրանքային նշանը հայտարկվում է գույնով կամ գունային համակցությամբ.

3) նշում այն մասին, որ Միության ապրանքային նշանը պետք է գրանցվի կամ հրապարակվի հրահանգին համապատասխան՝ ներկայացման գերատեսչության կողմից կիրառվող ստանդարտ պայմանանշանների օգտագործմամբ.

4) հայտարկվող բառային նիշի գրադարձումը՝ կիրիլյան այբուբենի օգտագործմամբ.

5) հայտարկվող բառային նշանի թարգմանությունը՝ անդամ պետությունների պետական լեզուներով.

6) հայտարկվող նիշի նկարագրությունը.

7) տեղեկություններ՝ հայտատուի ներկայացուցչի մասին, և նրա հասցեն։

4. Միության ապրանքային նշանի հայտը ներկայացնելու ժամանակ կամ ոչ ուշ, քան այդպիսի հայտն ստանալու օրվանից 1 ամիս հետո հայտատուն ներկայացնում է Միության ապրանքային նշանի հայտ ներկայացնելու համար տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ:

Միության ապրանքային նշանի հայտ ներկայացնելու համար տուրքը վճարվում է ներկայացման գերատեսչությանը՝ ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ սահմանված չափով։

5. Ազգային արտոնագրային գերատեսչություն ներկայացված՝ ապրանքային նշանի գրանցման հայտը կարող է փոխակերպվել Միության ապրանքային նշանի հայտի՝ սույն պայմանագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան կոնվենցիոն առաջնություն սահմանելու համար պահանջները պահպանելու պայմանով:

Ապրանքային նշանի գրանցման հայտի՝ Միության ապրանքային նշանի հայտի փոխակերպման կարգը սահմանվում է հրահանգով:

6. Միության ապրանքային նշանի հայտը կազմվում է ռուսերենով:

Միության ապրանքային նշանի հայտը կարող է կազմվել ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ նախատեսված լեզվով՝ կից ներկայացնելով այդ հայտի ռուսերեն տարբերակը՝ հրահանգի պահանջներին համապատասխան:

Նման դեպքում Միության ապրանքային նշանի հայտի բովանդակության մեկնաբանության հարցով տարաձայնություններ առաջանալիս գերակա ուժ ունի այդ հայտի ռուսերեն տարբերակի տեքստը։

Ազգային արտոնագրային գերատեսչությունների միջև նամակագրությունն իրականացվում է ռուսերենով:

7. Միության ապրանքային նշանի հայտի առնչությամբ գործերի վարումը կարող է հայտատուի կողմից իրականացվել ինքնուրույն կամ ներկայացուցչի միջոցով, այդ թվում՝ ներկայացման գերատեսչությունում միջազգային պայմանագրերի և ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։