Հոդված 5
Հոդված 5
Միության ապրանքային նշանի առաջնությունը
1. Սույն պայմանագրի նպատակների համար Միության ապրանքային նշանի առաջնությունը սահմանվում է Միության ապրանքային նշանի հայտ ներկայացնելու ամսաթվով:
2. Միության ապրանքային նշանի առաջնությունը կարող է սահմանվել ապրանքային նշանի առաջին հայտը «Արդյունաբերական սեփականության պահպանության մասին» 1883 թվականի մարտի 20-ի փարիզյան կոնվենցիայի (այսուհետ՝ Փարիզյան կոնվենցիա) մասնակից պետություն ներկայացնելու ամսաթվով (կոնվենցիոն առաջնություն), եթե Միության ապրանքային նշանի հայտը ներկայացման գերատեսչություն է ներկայացվել նշված օրվանից 6 ամսվա ընթացքում:
3. Փարիզյան կոնվենցիայի մասնակից պետություններից մեկի տարածքում կազմակերպված պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսների ցուցանմուշների վրա զետեղված Միության ապրանքային նշանի առաջնությունը կարող է սահմանվել ցուցահանդեսում ցուցանմուշի բաց ցուցադրությունն սկսելու ամսաթվով (ցուցահանդեսային առաջնություն), եթե Միության ապրանքային նշանի հայտը ներկայացման գերատեսչություն է ներկայացվել նշված օրվանից 6 ամսվա ընթացքում:
4. Հայտարկված ապրանքների համար Միության ապրանքային նշանի բազմակի առաջնությունը սահմանվում է հայտատուի միջնորդությամբ՝ այդ հայտատուի ապրանքային նշանների մի քանի հայտերի առկայության դեպքում, որոնք փարիզյան կոնվենցիայի մասնակից պետություններում ներկայացվել են Միության ապրանքային նշանի համար ներկայացված հայտում նշված տարբեր ապրանքների մասով մեկ նիշի համար:
5. Այն դեպքում, երբ Միության ապրանքային նշանի հայտը պարունակում է դրա ներկայացման օրվանից ավելի վաղ առաջնություն սահմանելու մասին նշում, Միության ապրանքային նշանի հայտը ներկայացնելիս կամ հայտը ներկայացնելու օրվանից հետո 3 ամսից ոչ ուշ հայտատուն պետք է ներկայացնի այդ պահանջի իրավաչափությունը հաստատող փաստաթղթեր:
6. Միության ապրանքային նշանի առանձնացված հայտերը պահպանում են սկզբնական հայտի ներկայացման ամսաթիվը և դրա առաջնությունը (այդպիսի առաջնության առկայության դեպքում):
7. Միության ապրանքային նշանի առաջնությունը կարող է սահմանվել «Նշանների միջազգային գրանցման մասին» 1891 թվականի ապրիլի 14-ի մադրիդյան համաձայնագրին և «Նշանների միջազգային գրանցման մասին» մադրիդյան համաձայնագրին կից 1989 թվականի հունիսի 28-ի արձանագրությանը համապատասխան՝ ըստ միջազգային գրանցման ամսաթվի, տարածքային ընդլայնման մասին գրառում կատարելու ամսաթվի: