Հոդված 9
Հոդված 9
Որպես Միության ապրանքային նշան գրանցման համար հայտարկված նիշի փորձաքննությունը
1. Միության ապրանքային նշանի հրապարակված հայտը և հայտարկված նիշի փորձաքննությունն անցկացնելու համար տուրքերի վճարումը կատարված լինելու մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերը ներկայացման գերատեսչության կողմից ուղարկվելու օրվանից 6 ամսվա ընթացքում ազգային արտոնագրային գերատեսչությունների, այդ թվում՝ ներկայացման գերատեսչության կողմից անցկացվում է փորձաքննություն, որի ընթացքում ստուգվում է Միության ապրանքային նշանի գրանցումը մերժելու համար՝ սույն պայմանագրի 8-րդ հոդվածի 1-5-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությունը:
2. Փորձաքննության արդյունքներով ազգային արտոնագրային գերատեսչությունների կողմից պատրաստվում են եզրակացություններ, որոնք կցվող հակադրելի նյութերի հետ միասին ներառում են որոնման և ստուգման արդյունքների վերաբերյալ տեղեկություններ, եթե դրանք հայտնաբերվել են: Եզրակացության տվյալներն ուղարկվում են ներկայացման գերատեսչություն սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետից ոչ ուշ:
Այն ազգային արտոնագրային գերատեսչությունները, որոնք սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետում ներկայացման գերատեսչություն չեն ներկայացնի Միության ապրանքային նշանի գրանցումը մերժելու համար հիմքերի առկայության մասին տեղեկություններ, Միության ապրանքային նշանի հայտի առնչությամբ կորցնում են այդպիսի պատճառների առկայության մասին ծանուցման իրավունքը:
3. Այն դեպքում, երբ համանման ապրանքների համար նույնական կամ շփոթելու աստիճան նման Միության ապրանքային նշանների հայտերը ներկայացված են տարբեր հայտատուների կողմից, և այդ հայտերն ունեն առաջնության նույն ամսաթիվը, ապա համանման ապրանքների համար Միության ապրանքային նշանը կարող է գրանցվել հայտատուներից միայն մեկի անունով, որը որոշվում է նրանց միջև համաձայնությամբ:
4. Այն դեպքում, երբ ապրանքների ամբողջովին կամ մասամբ համընկնող ցանկերի համար նույնական կամ շփոթելու աստիճան նման Միության ապրանքային նշանների հայտերը ներկայացված են միևնույն հայտատուի կողմից, և այդ հայտերն ունեն առաջնության նույն ամսաթիվը, ապա Միության ապրանքային նշանն այն ապրանքների համար, որոնց մասով նշված ցանկերը համընկնում են, կարող է գրանցվել հայտերից միայն մեկով, որն ընտրում է հայտատուն:
5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում ներկայացման գերատեսչությունը հայտատուներին ուղարկում է համապատասխան ծանուցումներ:
Այդպիսի ծանուցում ստանալու օրվանից 6 ամսվա ընթացքում հայտատուները պետք է ներկայացման գերատեսչությանը հաղորդեն, թե հայտերից որ մեկով է խնդրարկվում Միության ապրանքային նշանի գրանցումը, իսկ Միության նույնական ապրանքային նշանների հայտեր ներկայացրած հայտատուն՝ իր ընտրության մասին։
Եթե նշված հաղորդագրությունը սահմանված ժամկետում չի ստացվում, ապա հայտերը համարվում են հետ կանչված, ինչի մասին այդ ժամկետը լրանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուներին ծանուցումներ են ուղարկվում:
6. Ներկայացման գերատեսչությունը, ազգային արտոնագրային գերատեսչությունների եզրակացությունների, այդ թվում՝ սեփական եզրակացության, ինչպես նաև սույն պայմանագրի 7-րդ հոդվածով նախատեսված դիմումների և փաստարկների հիման վրա, հայտատուին ուղարկում է փորձաքննության արդյունքների մասին ծանուցում՝ սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց 15 աշխատանքային օրից ոչ ուշ:
Այդպիսի ծանուցում ուղարկվում է այն դեպքում, երբ ապրանքային նշանին չի կարող պահպանություն տրամադրվել կամ կարող է հայտատուի կողմից խնդրարկվող ծավալից ավելի քիչ ծավալով տրամադրվել։ Ազգային արտոնագրային գերատեսչությունների եզրակացությունները, այդ թվում՝ ներկայացման գերատեսչության եզրակացությունը, կցվում են ծանուցմանը:
7. Հայտատուն իրավունք ունի ներկայացման գերատեսչություն ներկայացնելու հայտարկված բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի համար Միության ապրանքային նշանի հայտի փորձաքննության արդյունքների մասին ծանուցման հետ կապված իր փաստարկները և դիտողությունները (այսուհետ՝ փաստարկներ և դիտողություններ)՝ նման ծանուցումը նրան ուղարկվելու օրվանից 3 ամսվա ընթացքում:
Հայտատուի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է լրացուցիչ երկարաձգվել մինչև 3 ամիս ժամկետով՝ տուրքը ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ սահմանված չափով վճարելու պայմանով:
Եթե սահմանված ժամկետի ընթացքում փաստարկներ և դիտողություններ չեն ներկայացվում, ապա ներկայացման գերատեսչությունն այդ ժամկետը լրանալու օրվանից 1 ամսվա ընթացքում որոշում է ընդունում ըստ Միության ապրանքային նշանի հայտի փորձաքննության արդյունքների:
Ներկայացման գերատեսչությունը փաստարկները և դիտողությունները, ինչպես նաև սույն կետի երկրորդ պարբերությունում նշված միջնորդությունն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր հետո դրանց մասին ծանուցում է ազգային արտոնագրային գերատեսչություններին:
Ազգային արտոնագրային գերատեսչությունները փաստարկներ և դիտողություններ ներկայացնելու ժամկետը լրանալու օրվանից 1 ամսվա ընթացքում ուսումնասիրում են դրանք և ընդունում համապատասխան որոշումներ, որոնք ընդունման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են ներկայացման գերատեսչություն:
Ներկայացման գերատեսչությունը նշված որոշումները հայտատուին է ուղարկում ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։
8. Մինչև ներկայացման գերատեսչության կողմից Միության ապրանքային նշանը գրանցելու կամ դրա գրանցումը մերժելու մասին որոշումն ընդունելը՝ հայտատուն իրավունք ունի դիմելու ներկայացման գերատեսչություն՝ միջնորդություն ներկայացնելով՝
1) ապրանքների ցանկը կրճատելու վերաբերյալ, որոնց նկատմամբ Միության ապրանքային նշանի հայտ է ներկայացված.
2) Միության ապրանքային նշանի հայտը հետ կանչելու վերաբերյալ.
3) Միության ապրանքային նշանի հայտն առաջնության ամսաթվի պահպանմամբ ապրանքային նշանի գրանցման ազգային հայտի փոխակերպելու վերաբերյալ՝ հրահանգի պահանջները պահպանելու պայմանով.
4) Միության ապրանքային նշանի հայտն առանձնացնելու վերաբերյալ՝ հրահանգի պահանջները կատարելու պայմանով:
9. Միության ապրանքային նշանի հայտն առաջնության ամսաթվի պահպանմամբ ապրանքային նշանի գրանցման ազգային հայտի փոխակերպելու վերաբերյալ սույն հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հայտատուի միջնորդության ուսումնասիրության արդյունքներով ներկայացման գերատեսչությունը դադարեցնում է Միության ապրանքային նշանի հայտի առնչությամբ գործավարությունը և այդ մասին ծանուցում է հայտատուին: Միջնորդությունն ու հայտի բոլոր նյութերն ուղարկվում են այն ազգային արտոնագրային գերատեսչություն, որտեղ հայտատուն դիմում է Միության ապրանքային նշանի իր հայտի՝ ապրանքային նշանի գրանցման ազգային հայտի փոխակերպման ընթացակարգն իրականացնելու խնդրանքով:
Ազգային արտոնագրային գերատեսչությունն իրականացնում է Միության ապրանքային նշանի հայտն ապրանքային նշանի գրանցման ազգային հայտի փոխակերպելը, որն ընդունվում է որպես ապրանքային նշանի գրանցման ճիշտ լրացված ազգային հայտ:
Նշված փոխակերպման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում ազգային արտոնագրային գերատեսչությունը հայտատուին է ուղարկում այդպիսի փոխակերպման մասին ծանուցում:
Ապրանքային նշանի փոխակերպված հայտի առնչությամբ հետագա գործավարությունն իրականացվում է ազգային արտոնագրային գերատեսչության կողմից՝ պահպանելով առաջնության ամսաթիվը: Ապրանքային նշանի գրանցման ազգային հայտով որոշումն ընդունվում է յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչության կողմից՝ իր կողմից պատրաստված եզրակացության հիման վրա:
Հայտատուի միջնորդությունը ներկայացնելու և ուսումնասիրելու, ինչպես նաև ապրանքային նշանի գրանցման ազգային հայտի փորձաքննություն անցկացնելու համար այս դեպքում տուրք չի գանձվում:
10. Միության ապրանքային նշանի հայտն առանձնացնելու մասին սույն հոդվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված միջնորդությունը պետք է պարունակի այն ապրանքների ցանկը, որոնք վերցված են Միության ապրանքային նշանի սկզբնական հայտում նշվածների թվից՝ ներկայացման գերատեսչություն այն ներկայացնելու ամսաթվի դրությամբ, և որոնք համասեռ չեն Միության ապրանքային նշանի սկզբնական հայտում պարունակվող ապրանքների ցանկի մյուս ապրանքներին, և որոնց մասով Միության ապրանքային նշանի սկզբնական հայտն ուժի մեջ է մնում: