Հոդված 20. Ընկերության կանոնադրական կապիտալում ընկերության մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելը կամ բռնագրավելը
Հոդված 20. Ընկերության կանոնադրական կապիտալում ընկերության մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելը կամ բռնագրավելը
1. Ընկերության մասնակցի պարտքերի համար պարտատերերի պահանջով նրա բաժնեմասի վրա կարող է բռնագանձում տարածվել միայն այդ մասնակցի պարտքերը մարելու համար այլ գույքի անբավարարության դեպքում` դատարանի վճռի հիման վրա:
2. Ընկերության նման մասնակցի բաժնեմասի արժեքը նրա պարտատերերին վճարելու համար ընկերությունն առաջարկում է ընկերության մյուս մասնակիցներին գնել այդ բաժնեմասը:
Եթե ընկերության մասնակիցները մեկ ամսվա ընթացքում չեն օգտվում բաժնեմասը գնելու իրենց իրավունքից, ապա ընկերությունն իրավունք ունի ձեռք բերել այդ բաժնեմասը և ընկերության մասնակցի պարտատերերին վճարել բաժնեմասի արժեքը:
Եթե ընկերությունը մեկ ամսվա ընթացքում չի օգտվում ընկերության մասնակցի բաժնեմասը ձեռք բերելու իրավունքից, ապա բաժնեմասի վրա բռնագանձման տարածումն իրականացվում է բաժնեմասը հրապարակային սակարկություններով վաճառելու միջոցով:
3. Բաժնեմասը մեկ ամսվա ընթացքում հրապարակային սակարկություններով չվաճառվելու դեպքում ընկերության կանոնադրական կապիտալում առանձնացվում է բաժնեմասին համապատասխան գույք` դրա վրա բռնագանձում տարածելու համար:
4. Ընկերության մասնակցի բաժնեմասը կարող է բռնագրավվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:
Ընկերության մասնակցի բաժնեմասի բռնագրավումն իրականացվում է սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված ընթացակարգով:
Եթե ընկերությանը կամ նրա մասնակիցներին, ընկերության մասնակցի բռնագրավման ենթակա բաժնեմասի արժեքը սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով չի վաճառվում, ապա բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է Հայաստանի Հանրապետությանը:
5. Ընկերության գույքում մասնակցի ամբողջ բաժնեմասի վրա բռնագանձում տարածելը կամ բաժնեմասն ամբողջությամբ բռնագրավելը դադարեցնում է նրա մասնակցությունն ընկերությանը:
6․ Կատարողական վարույթի շրջանակներում ընկերության կանոնադրական կապիտալում ընկերության մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու հարաբերությունները կարգավորվում են «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(20-րդ հոդվածը լրաց. 11.04.24 ՀՕ-189-Ն)