Հոդված 47. Շահագրգռվածությունն ընկերության գործարքը կնքելիս
Հոդված 47. Շահագրգռվածությունն ընկերության գործարքը կնքելիս
1. Գործարքները, որոնց կատարման մեջ առկա է ընկերության խորհրդի անդամի, ընկերության գործադիր մարմնի գործառույթները կատարող անձի շահագրգռվածությունը կամ ընկերության մասնակցի շահագրգռվածությունը, և որոնք ունեն ընկերության մասնակիցների ընդհանուր ձայների թվի քսան և ավելի տոկոսը, չեն կարող կատարվել առանց ընդհանուր ժողովի համաձայնության:
Նշված անձինք ընկերության կողմից ճանաչվում են գործարք կնքելու մեջ շահագրգռված այն դեպքերում, եթե նրանք կամ նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը (այսուհետ` փոխկապակցված անձինք)`
ա) հանդիսանում են գործարքի կողմ կամ ընկերության հետ իրենց հարաբերություններում հանդես են գալիս երրորդ անձանց շահերից.
բ) տիրապետում են (յուրաքանչյուրն առանձին-առանձին կամ համակցության մեջ) գործարքի կողմ հանդիսացող կամ ընկերության հետ հարաբերություններում երրորդ անձանց շահերից հանդես եկող իրավաբանական անձի բաժնեմասերի (փայի, բաժնետոմսի) քսան և ավելի տոկոսին.
գ) պաշտոններ են զբաղեցնում գործարքի կողմ հանդիսացող կամ ընկերության հետ հարաբերություններում երրորդ անձանց շահերից հանդես եկող իրավաբանական անձի կառավարման մարմիններում.
դ) ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ դեպքերում:
2. Ընկերության կողմից գործարքի կատարման մասին որոշումը, որի կատարման մեջ առկա է շահագրգռվածությունը, ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից ընկերության գործարքի կատարման մեջ չշահագրգռված մասնակիցների ընդհանուր ձայների թվի մեծամասնությամբ, բացառությամբ սույն հոդվածով սահմանված գործարք հանդիսացող փոխարկելի փոխառության պայմանագրի (որով ընկերությունը հանդիսանում է փոխառու), որի կատարման մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից ընկերության գործարքի կատարման մեջ չշահագրգռված մասնակիցների միաձայնությամբ:
3. Գործարքի կատարումը, որի կատարման դեպքում առկա է շահագրգռվածությունը, չի պահանջում սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված ընդհանուր ժողովի որոշումն այն դեպքում, եթե գործարքը կատարվում է ընկերության և մյուս կողմի միջև առօրյա տնտեսական գործունեության շրջանակներում, որը տեղ է գտել մինչև այն պահը, որից սկսած գործարքը կատարելու մեջ շահագրգռված անձը ճանաչվում է այդպիսին` սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան (որոշումը չի պահանջվում մինչև հաջորդ ընդհանուր ժողովի անցկացման օրը):
4. Գործարքը, որի կատարման մեջ առկա է շահագրգռվածությունը, որը կատարվել է սույն հոդվածով նախատեսված պահանջների խախտմամբ, կարող է դատական կարգով ճանաչվել անվավեր` ընկերության կամ նրա մասնակցի հայցով:
5. Սույն հոդվածը չի կիրառվում մեկ մասնակցից բաղկացած ընկերությունների նկատմամբ, որն իրականացնում է տվյալ ընկերության գործադիր մարմնի գործառույթները:
(47-րդ հոդվածը լրաց. 12.05.25 ՀՕ-115-Ն)
(12.05.25 ՀՕ-115-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)