Հոդված 50.4. Ընկերության առանձնացումը
Հոդված 50.4. Ընկերության առանձնացումը
1. Ընկերության առանձնացում է համարվում նոր իրավաբանական անձի (անձանց) ստեղծումը` նրան (նրանց) վերակազմակերպվող ընկերության իրավունքների և պարտականությունների մի մասի փոխանցմամբ` առանց վերակազմակերպվող ընկերության դադարման:
2. Առանձնացման մասին որոշումը պետք է ընդունվի վերակազմակերպվող ընկերության ընդհանուր ժողովում, որը պետք է հաստատի նաև առանձնացման կարգը և պայմանները, բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը, ինչպես նաև վերակազմակերպվող ընկերության մասնակիցների բաժնեմասերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգը նոր ստեղծվող իրավաբանական անձանց բաժնեմասերի և (կամ) այլ արժեթղթերի:
3. Առանձնացման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձանց կանոնադրությունները հաստատվում են այդ իրավաբանական անձանց հիմնադիր ժողովներում, որտեղ որոշումներ են ընդունվում նաև ընդհանուր ժողովի իրավասությանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ:
4. Ընկերության առանձնացման դեպքում նրա իրավունքների և պարտականությունների մի մասը փոխանցվում է նոր ստեղծված իրավաբանական անձանց` բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռին համապատասխան:
5. Առանձնացմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը և օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:
(50.4-րդ հոդվածը լրաց. 19.01.21 ՀՕ-46-Ն)