Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 35. Ընկերության մարմինները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35. Ընկերության մարմինները

1. Ընկերության բարձրագույն մարմին է հանդիսանում ընդհանուր ժողովը: Ընդհանուր ժողովը կարող է լինել հերթական կամ արտահերթ: Ընկերության մասնակիցներն իրավունք ունեն ներկա գտնվել ընդհանուր ժողովին, մասնակցել օրակարգի հարցերի քննարկմանը և քվեարկել որոշումներ ընդունելիս:

Ընկերության հիմնադրման մասին պայմանագրով կամ կանոնադրությամբ կամ ընկերության մարմինների կողմից մասնակիցների սույն կետով սահմանված իրավունքները սահմանափակող դրույթներն անվավեր են:

Ընկերության յուրաքանչյուր մասնակից ընդհանուր ժողովում ունի ընկերության կանոնադրական կապիտալում իր բաժնեմասին համապատասխան ձայների քանակ:

2. Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել խորհրդի ձևավորում:

Խորհրդի իրավասությունները սահմանվում են ընկերության կանոնադրությամբ` սույն օրենքին համապատասխան:

Խորհրդի ձևավորման և գործունեության կարգը, նրա անդամների լիազորությունների դադարեցման կարգը, խորհրդի նախագահի իրավասությունները սահմանվում են ընկերության կանոնադրությամբ:

Ընդհանուր ժողովի որոշմամբ խորհրդի անդամներին` նրանց կողմից իրենց պարտականությունների կատարման ժամանակաընթացքում կարող են տրվել պարգևատրումներ և (կամ) հատուցվել նշված պարտականությունների իրականացման հետ կապված ծախսերը: Նշված պարգևատրումների և հատուցման չափերը սահմանվում են ընդհանուր ժողովի որոշմամբ:

3. Ընկերության մասնակից չհանդիսացող խորհրդի անդամները, ընկերության գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող անձը կարող են մասնակցել ընդհանուր ժողովին` խորհրդակցական ձայնի իրավունքով:

4. Ընկերության խորհրդի անդամի կողմից խորհրդակցական ձայնի իրավունքն այլ անձանց, այդ թվում` ընկերության խորհրդի այլ անդամի, փոխանցել չի թույլատրվում:

5. Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացվում է ընկերության գործադիր մարմնի կողմից: Ընկերության գործադիր մարմինը հաշվետու է ընդհանուր ժողովին և ընկերության խորհրդին, եթե ընկերության խորհրդի ստեղծումը նախատեսված է ընկերության կանոնադրությամբ:

6. Քսանից ավելի մասնակից ունեցող ընկերություններում վերստուգիչ հանձնաժողովի ստեղծումը պարտադիր է: Ընկերության վերստուգիչ հանձնաժողովի անդամ (վերստուգող) կարող է լինել նաև ընկերության մասնակից չհանդիսացող անձը: Քսան և քսանից պակաս մասնակից ունեցող ընկերություններում կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ ընկերության վերստուգիչ հանձնաժողով չի ստեղծվում (վերստուգող չի ընտրվում):

Ընկերության վերստուգիչ հանձնաժողովի գործառույթները, եթե դա նախատեսված է ընկերության կանոնադրությամբ, կարող է իրականացնել ընկերության ընդհանուր ժողովի կողմից հաստատված աուդիտորը, որը կապված չէ գույքային շահերով ընկերության, ընկերության խորհրդի անդամների, ընկերության գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող անձի և ընկերության մասնակիցների հետ:

7. Ընկերության վերստուգիչ հանձնաժողովի անդամ (վերստուգող) չեն կարող լինել ընկերության խորհրդի անդամը, ընկերության գործադիր մարմնի անդամը:

(35-րդ հոդվածը փոփ. 04.11.02 ՀՕ-455-Ն, խմբ. 21.12.10 ՀՕ-218-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։