Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 40. Ընդհանուր ժողովի անցկացման և որոշումների ընդունման կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 40. Ընդհանուր ժողովի անցկացման և որոշումների ընդունման կարգը

1. Ընդհանուր ժողովն անցկացվում է սույն օրենքով, ընկերության կանոնադրությամբ և ներքին փաստաթղթերով սահմանված կարգով: Սույն օրենքով, ընկերության կանոնադրությամբ և ներքին փաստաթղթերով չկանոնակարգված մասով ընդհանուր ժողովի անցկացման կարգը սահմանվում է ընդհանուր ժողովի որոշմամբ:

2. Ընդհանուր ժողովի բացումից առաջ կատարվում է ընկերության ժամանած մասնակիցների գրանցում:

Ընկերության մասնակիցներն իրավասու են մասնակցել ժողովին անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով: Ընկերության մասնակիցների ներկայացուցիչները պետք է ներկայացնեն փաստաթղթեր, որոնք կհաստատեն իրենց վերապահված լիազորությունները: Ընկերության մասնակցի ներկայացուցչին տրված լիազորագիրը պետք է պարունակի տեղեկություններ ներկայացվողի և ներկայացուցչի մասին (անունը կամ անվանումը, բնակության վայրը կամ գտնվելու վայրը, անձնագրային տվյալները): Այն պետք է ձևակերպված լինի Օրենսգրքի պահանջներին համապատասխան:

Ընկերության չգրանցված մասնակիցը (մասնակցի ներկայացուցիչը) իրավասու չէ մասնակցել քվեարկությանը:

3. Ընդհանուր ժողովը բացվում է ընդհանուր ժողովի անցկացման մասին ծանուցման մեջ նշված ժամին կամ, եթե ընկերության բոլոր մասնակիցներն արդեն գրանցվել են, ավելի վաղ:

4. Ընկերության գործադիր մարմինը կազմակերպում է ընդհանուր ժողովի արձանագրության վարումը:

Բոլոր ընդհանուր ժողովների արձանագրությունները կարվում են արձանագրությունների գրքում, որը պետք է ցանկացած ժամանակ տրամադրվի ընկերության ցանկացած մասնակցի` վերջինիս կողմից ծանոթանալու նպատակով: Ընկերության մասնակիցների պահանջով նրանց տրամադրվում են քաղվածքներ արձանագրությունների գրքից` վավերացված ընկերության գործադիր մարմնի կողմից:

5. Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են ընկերության մասնակիցների ձայների ընդհանուր թվի կեսից ավելիին տնօրինող մասնակիցները:

Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ընկերության մասնակիցների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ, եթե սույն օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ տվյալ որոշման ընդունման համար նախատեսված չէ ձայների ավելի մեծ քանակ:

Սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են ընկերության մասնակիցների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի մեծամասնությամբ, եթե ընկերության կանոնադրությամբ տվյալ որոշման ընդունման համար նախատեսված չէ ձայների ավելի մեծ քանակ:

Սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետի «ժ» ենթակետում նշված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են ընկերության մասնակիցների միաձայն որոշմամբ:

6. Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, եթե ընկերության կանոնադրությամբ որոշումների ընդունման այլ կարգ նախատեսված չէ:

(40-րդ հոդվածը խմբ. 04.11.02 ՀՕ-455-Ն, 19.01.21 ՀՕ-46-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։