Հոդված 110. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բացահայտումը և հաշվառումը
Հոդված 110. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բացահայտումը և հաշվառումը
1. Կազմակերպությունների (նախադպրոցական կրթական, հանրակրթական, բժշկական կամ նմանատիպ այլ հաստատությունների) պաշտոնատար այն անձինք, որոնք տեղեկություններ ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխայի մասին, պարտավոր են այն պահից, երբ նրանց հայտնի է դարձել այդ մասին, անհապաղ հաղորդել խնամակալության և հոգաբարձության մարմնին` ըստ երեխայի փաստացի գտնվելու վայրի:
Խնամակալության և հոգաբարձության մարմինը նման տեղեկություն ստանալու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է անցկացնել երեխայի կյանքի պայմանների հետազոտություն և նրա ծնողների կամ ազգականների կողմից խնամքի փաստի բացակայություն բացահայտելիս ապահովել երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունը մինչև նրա խնամքի և դաստիարակության կազմակերպման հարցի լուծումը։
2. Դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության և նմանատիպ այլ կազմակերպությունների (որտեղ գտնվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաները) ղեկավարները պարտավոր են, սկսած այն օրից, երբ նրանց հայտնի է դարձել, որ երեխան կարող է ընտանիքում դաստիարակության հանձնվել, եռօրյա ժամկետում այդ մասին հաղորդել խնամակալության և հոգաբարձության մարմին՝ ըստ տվյալ կազմակերպության գտնվելու վայրի։
3. Խնամակալության և հոգաբարձության մարմինը, բացառությամբ Երևանի քաղաքապետի, սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված տեղեկություններն ստանալուց հետո` 3 օրվա ընթացքում, այդ տեղեկություններն ուղարկում է մարզպետարան, ինչպես նաև ապահովում է երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպումը:
Մարզպետարանը երեխաների մասին նման տեղեկություններ ստանալու պահից երեք օրվա ընթացքում իրականացնում է երեխաների հաշվառումը և հայտնում այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին, ինչպես նաև ապահովում է այդ երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը:
Երևանի քաղաքապետը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված տեղեկություններն ստանալուց հետո` 3 օրվա ընթացքում, իրականացնում է երեխաների հաշվառումը և հայտնում այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին, ինչպես նաև ապահովում է այդ երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպումը, իրավունքների և շահերի պաշտպանությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումը, աջակցում է այդ երեխաների հետագա խնամքի և դաստիարակության կազմակերպմանը ընտանիքներում:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումն իրականացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նշված կազմակերպությունների ղեկավարները և պաշտոնատար անձինք իրենց պարտականությունները չկատարելու, ակնհայտորեն ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու, ինչպես նաև այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ուղղված են երեխային դաստիարակության նպատակով ընտանիք հանձնելուց թաքցնելուն, պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
(110-րդ հոդվածը խմբ. 08.07.05 ՀՕ-144-Ն, 19.05.09 ՀՕ-123-Ն, խմբ., փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն)