Հոդված 50. Անչափահաս ծնողների իրավունքները
Հոդված 50. Անչափահաս ծնողների իրավունքները
(վերնագիրը փոփ. 10.09.24 ՀՕ-327-Ն)
1. Անչափահաս ծնողներն ունեն իրենց երեխայի հետ համատեղ ապրելու և նրա դաստիարակությանը մասնակցելու իրավունքներ։
2. Անչափահաս ծնողներից երեխա ծնվելու դեպքում, ինչպես նաև նրանց մայրությունը և (կամ) հայրությունը որոշելիս ծնողները ամուսնության տարիքը լրանալուց հետո կարող են ինքնուրույն իրականացնել ծնողական իրավունքները:
Մինչև անչափահաս ծնողների ամուսնության տարիքը լրանալը նրանց երեխայի համար կարող է նշանակվել խնամակալ, որը անչափահաս ծնողների հետ համատեղ կիրականացնի այդ երեխայի դաստիարակությունը: Երեխայի խնամակալի և անչափահաս ծնողների միջև առաջացած տարաձայնությունները կարգավորում է խնամակալության և հոգաբարձության մարմինը:
3. Անչափահաս ծնողներն իրավունք ունեն ընդհանուր սկզբունքներով ընդունելու կամ վիճարկելու իրենց հայրությունը և մայրությունը:
(50-րդ հոդվածը փոփ. 10.09.24 ՀՕ-327-Ն)
⚖Հոդված 51. Երեխաներին դաստիարակելու և կրթություն տալու` ծնողների իրավունքներն ու պարտականությունները
1. Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:
Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք։
2. Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների կրթության մասին:
Ծնողները, երեխաների կարծիքը հաշվի առնելով հանդերձ, ունեն կրթական հաստատության և երեխաների ուսուցման ձևի ընտրության իրավունք մինչև երեխաների հիմնական ընդհանուր կրթություն ստանալը։
(51-րդ հոդվածը խմբ. 21.12.17 ՀՕ-10-Ն)