Հոդված 128.1. Որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունը
Հոդված 128.1. Որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունը
1. Որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի և մարզպետարանի (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանի) կողմից` համատեղ, իսկ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրման դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից (այսուհետ` վերահսկողություն իրականացնող մարմին): Հայաստանի Հանրապետությունից այլ պետությունում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և ժամկետներում, եթե այլ բան նախատեսված չէ մյուս պետության օրենքով։
2. Որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության նպատակն է նպաստել երեխայի ինտեգրմանը և բարեկեցությանը, ինչպես նաև իրավունքների և շահերի ոտնահարման կանխարգելմանը որդեգրողի ընտանիքում:
3. Որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է որդեգրման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում:
4. Որդեգրված երեխայի բնակության վայրի փոփոխության դեպքում որդեգրողը պարտավոր է բնակության վայրի փոփոխությունից հետո՝ առնվազն մեկ ամսվա ընթացքում, տեղեկացնել վերահսկողություն իրականացնող մարմնին։
5. Վերահսկողության ժամանակահատվածում որդեգրողը պարտավոր է աջակցել վերահսկողություն իրականացնող մարմնին որդեգրված երեխայի մասին տեղեկատվություն ձեռք բերելու գործընթացում:
6. Վերահսկողությունն իրականացնող մարմինն իրավունք ունի`
1) սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի (այսուհետ` սեփականատեր) համաձայնությամբ մուտք գործելու երեխայի բնակության վայր.
2) ուսումնասիրելու երեխայի կենսապայմանները և դրանց ապահովվածությունը.
3) անարգել շփվելու երեխայի և որդեգրողի (որդեգրողների), ինչպես նաև նրա մերձավոր ազգականների, հարևանների, կրթական հաստատությունների աշխատակիցների հետ` պահպանելով որդեգրման գաղտնիությունը.
4) կատարելու Երեխայի լավագույն շահերից բխող՝ օրենքով նախատեսված այլ գործողություններ:
7. Այն դեպքում, երբ վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից երեխայի բնակության վայր մուտք գործելը նպատակ է հետապնդում կանխել երեխայի կյանքին և առողջությանն սպառնացող անմիջական վտանգը, իսկ սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով սահմանված համաձայնությունը բացակայում է, ապա վերահսկողություն իրականացնող մարմինը Ոստիկանության աջակցությամբ և բազմաբնակարան շենքի կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ իրավունք ունի մուտք գործելու երեխայի բնակության վայր:
8. Բնակության վայր մուտք գործելուց հետո կազմվում է արձանագրություն, որում հստակ նշվում են արձանագրության կազմման օրը և ժամը, բնակարանի գտնվելու վայրը, գործողություններին մասնակցած անձանց անունները, ազգանունները, պաշտոնները և իրականացված գործողությունները։
9. Արձանագրության մեկ օրինակը ստորագրությամբ հանձնվում է բնակարանի սեփականատիրոջը կամ նրա լիազորած անձին։
10. Եթե վերահսկողություն իրականացնող մարմնի ներկայացուցիչը սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում Ոստիկանության աջակցությամբ մուտք է գործել երեխայի բնակության վայր դրա սեփականատիրոջ կամ նրա լիազորած անձի բացակայությամբ, ապա անհրաժեշտ գործողություններն ավարտելուց հետո Ոստիկանության կողմից ապահովվում է բնակարանի հետագա պահպանությունը` մինչև երեք ժամ տևողությամբ, բացառությամբ այն դեպքի, երբ բնակելի տարածքում գտնվում է այն օգտագործելու իրավունք ունեցող չափահաս անձը: Համապատասխան գործողությունները կատարելուց հետո կամ երեք ժամը լրանալուց հետո երեխայի բնակվելու վայրի բանալիներն ի պահ են տրվում բազմաբնակարան շենքի կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչին Ոստիկանության կնիքով կնքված փակ ծրարով, որն առաջին իսկ հնարավորության դեպքում հանձնվում է տվյալ բնակելի տարածությունն օգտագործելու իրավունք ունեցող չափահաս անձին: Եթե երեխայի բնակության վայր մուտք գործելն իրականացվել է մուտքի դուռը վնասելով, ապա մինչև բանալիները ի պահ հանձնելը վերահսկողություն իրականացնող մարմնի ներկայացուցիչը միջոցներ է ձեռնարկում մուտքի դուռը վերանորոգելու ուղղությամբ:
(128.1-ին հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-10-Ն)