Հոդված 138.1. Խնամատար ծնողները
Հոդված 138.1. Խնամատար ծնողները
1. Խնամատար ծնող կարող է լինել Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին, բացառությամբ`
1) դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց.
2) ամուսինների, որոնցից մեկին դատարանը ճանաչել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
3) դատական կարգով ծնողական իրավունքներից զրկված կամ սահմանափակ ծնողական իրավունքներով անձանց.
4) օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով խնամակալի (հոգաբարձուի) պարտականություններից հեռացված անձանց.
5) նախկին որդեգրողների, եթե որդեգրումը դատական կարգով վերացվել է նրանց մեղքով.
6) այն անձանց, որոնք առողջական վիճակի պատճառով չեն կարող իրականացնել ծնողական պարտականություններ.
7) այն անձանց, որոնք չունեն մշտական բնակության վայր, ինչպես նաև այնպիսի բնակելի տարածություն, որը համապատասխանում է սահմանված սանիտարական և տեխնիկական պահանջներին.
8) այն անձանց, որոնք այդ պահին ունեն դատվածություն` մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար.
9) այն անձանց, որոնք կախվածություն ունեն ալկոհոլից, թմրանյութերից, տառապում են թունամոլությամբ կամ զբաղվում են մարմնավաճառությամբ և հաշվառված են համապատասխան բժշկական կազմակերպությունում կամ ոստիկանությունում համապատասխան ստորաբաժանման կողմից։
2. Խնամատար ծնողները հոգեզավակի նկատմամբ ձեռք են բերում խնամակալի իրավունքներ ու պարտականություններ: