Անցնել բովանդակությանը
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԸԳլուխ 2 · ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ

Հոդված 18. Գովազդի նկատմամբ պահանջները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Գովազդի նկատմամբ պահանջները

1. Հրապարակային առաջարկին վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որը գրավոր կամ բանավոր կերպով հրապարակվել է գովազդային կամ այլ նպատակներով, չպետք է լինի սխալ կամ ապակողմնորոշիչ և պետք է պարունակի այնպիսի տեղեկատվություն, որը ներառված է ազդագրում:

2. Հրապարակային առաջարկը կարող է գովազդվել միայն սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով դրա հայտարարումից հետո:

3. Հրապարակային առաջարկի գովազդը պետք է պարունակի տեղեկություններ ազդագրի հրապարակման և ձեռքբերման վայրերի մասին: Հրապարակային առաջարկին վերաբերող ցանկացած գովազդային նյութ պետք է համապատասխանի օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին:

4. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով պահանջել արժեթղթերի հրապարակային առաջարկի գովազդի համար օգտագործվող ցանկացած փաստաթղթի կամ հայտարարության ներկայացումը:

5. Եթե, սույն օրենքի համաձայն, արժեթղթերի հրապարակային առաջարկ անելու համար ազդագրի հրապարակում չի պահանջվում, և առաջարկն արվել է բացառապես որակավորված ներդրողներին և (կամ) սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ներդրողներին, ապա տեղաբաշխողը պարտավոր է արժեթղթերի առաջարկին վերաբերող բոլոր էական փաստաթղթերն ու տեղեկությունները հավասարապես բացահայտել նշված ներդրողներից յուրաքանչյուրի համար:

6. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր որոշմամբ արգելելու կամ առավելագույնը 10 աշխատանքային օրով կասեցնելու հրապարակային առաջարկին վերաբերող գովազդը, եթե Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով այն խախտել է կամ կարող է խախտել սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված որոշմամբ սահմանված ժամկետում գովազդատուն պարտավոր է վերացնել թույլ տրված խախտումները, որից հետո կարող է շարունակել հրապարակային առաջարկի գովազդումը՝ Կենտրոնական բանկի համաձայնությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։