Հոդված 204. Հաշվարկային համակարգի անդամի սնանկության հատուկ կանոնները
Հոդված 204. Հաշվարկային համակարգի անդամի սնանկության հատուկ կանոնները
1. Եթե հաշվարկային համակարգի անդամը ճանաչվել է անվճարունակ, ապա Կենտրոնական դեպոզիտարիան շարունակում է այդ անդամի կողմից տրված փոխանցման հանձնարարականների ընդունումը: Եթե ժամանակավոր ադմինիստրացիայի գործունեության ընթացքում սառեցվում է հաշվարկային համակարգի անդամի պարտատերերի պահանջների բավարարումը (սահմանվում է մորատորիում), ապա Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է անհապաղ կասեցնել այդ անդամի կողմից տրված փոխանցման հանձնարարականների ընդունումը՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված կարգով: Հաշվարկային համակարգի անդամին սնանկ ճանաչելու դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է անհապաղ դադարեցնել այդ անդամի կողմից տրված փոխանցման հանձնարարականների ընդունումը՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված կարգով:
2. Կենտրոնական բանկը պարտավոր է հաշվարկային անդամին անվճարունակ ճանաչելու, մորատորիում սահմանելու կամ նրան սնանկ ճանաչելու մասին որոշման կայացման պահից` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնել Կենտրոնական դեպոզիտարիային:
3. Հաշվարկային համակարգի անդամի կողմից վերջինիս սնանկ ճանաչվելու, մորատորիում սահմանելու պահից մինչև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկացումն ստանալու պահը Կենտրոնական դեպոզիտարիային տրված փոխանցման հանձնարարականը կարող է կատարվել, եթե Կենտրոնական դեպոզիտարիան չգիտեր և չէր կարող իմանալ հաշվարկային համակարգի անդամի սնանկ ճանաչվելու կամ մորատորիում սահմանելու փաստի մասին:
4. Հաշվարկային համակարգի անդամի սնանկ ճանաչվելու դեպքում երաշխիքային հիմնադրամին կատարված վճարումները չեն ներառվում հաշվարկային համակարգի անդամի լուծարային միջոցների մեջ: