Հոդված 25. Բնության հուշարձանների պահպանության ռեժիմը
Հոդված 25. Բնության հուշարձանների պահպանության ռեժիմը
1. Բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է՝
1) բնության հուշարձանի տեսքը խաթարող ցանկացած գործունեություն՝ աղտոտում, աղբոտում, գրառումներ, մոմավառություն, ծիսական պարագաների տեղադրում, նմուշների ձեռքբերում, խարույկ վառել, կառուցապատում, ցուցանակների տեղադրում (բացառությամբ տվյալ հուշարձանի անձնագրով ամրագրված պահպանության կամ օգտագործման համար նախատեսված դեպքերի)․
2) երկրաբանական բնության հուշարձանների տարածքից ապարների, հողածածկույթի կամ առանձին միավորների դուրսբերումը․
3) ջրաերկրաբանական բնության հուշարձանների տարածքից ջրօգտագործումը, որը հանգեցնում է լճերի, աղբյուրների կամ ջրվեժների արտաքին տեսքի խաթարման․
4) կենսաբանական հուշարձանի տարածքում կենդանատեսակների և բուսատեսակների աճելավայրերի և ապրելավայրերի խախտումը, բնափայտի, արմատների, տերևների, ցողունների, ծաղիկների, պտուղների, սերմերի հավաքը, կենդանատեսակների որսը և թռչունների ձվերի հավաքը․
5) ցանկացած գործունեություն, որը խախտում է բնական համակարգերի և օբյեկտների կայունությունը կամ սպառնում է դրանց պահպանությանը:
2. Բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում թույլատրվում են՝
1) էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մշտադիտարկումը․
2) էկոլոգիական զբոսաշրջության և ռեկրեացիայի կազմակերպումը, տարածքի բարեկարգումը․
3) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը․
4) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները․
5) սանիտարահիգիենիկ կամ հրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը:
3. Բնության հուշարձանի համար կազմվում է անձնագիր, որն ընդգրկում է՝
1) անվանումը և դասակարգումը․
2) տեղադիրքը, աշխարհագրական կոորդինատները, ինչպես նաև բնության հուշարձանի զբաղեցրած տարածքի շրջադարձային կետերի կոորդինատները՝ ՎԻ ՋԻ ԷՍ-84 ԱՐՄՐԵՖ 02 (WGS-84 ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով․
3) նկարագրությունը և չափագրությունը․
4) սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը․
5) պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները․
6) կառավարող սուբյեկտի վերաբերյալ տվյալներ:
4. Պետական կառավարման համակարգի մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական կամ ֆիզիկական անձինք պարտավոր են պահպանել բնության հուշարձանի անձնագրով սահմանված պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները:
5. Բնության հուշարձանը կառավարող սուբյեկտի կողմից մատուցվող ծառայությունների և ենթակառուցվածքների սպասարկման դիմաց գանձվում է թույլատրելի գործունեության և սպասարկման վճար: Վճարի տեսակները և դրույքաչափերը սահմանում է լիազորված մարմինը: