Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԱՐԳԵԼՈՑԸ

Հոդված 17. Արգելոցի պահպանության ռեժիմը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Արգելոցի պահպանության ռեժիմը

1. Արգելոցի տարածքում արգելվում է՝

1) ջրային ռեսուրսների օգտագործումը ջրային համակարգերի միջոցով, բացառությամբ մինչև «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» 1991 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-5 օրենքն ուժի մեջ մտնելը արգելոցներում կառուցված ջրային համակարգերով խմելու-կենցաղային և գյուղատնտեսական (ոռոգման) նպատակով ջրառ իրականացնելու դեպքերի, եթե արգելոցի տարածքից ջրառ իրականացնելուց բացի, ջրի այլընտրանքային աղբյուր առկա չէ․

2) բնակելի, հասարակական և արտադրական օբյեկտների, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների շինարարությունը և շահագործումը՝ բացառությամբ արգելոցի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության (անտառապահի տնակի, արգելափակոցի, սահմանանշանի, դիտակետի, հակահրդեհային ճանապարհների, նախազգուշացնող և տեղեկատվական ցուցանակների, արգելոցի մուտքի մոտ այցելուների կենտրոնի, էկոլոգիական զբոսաշրջության համար երթուղիների, գիտական ուսումնասիրության նպատակով փորձահրապարակների, ինչպես նաև ազգային անվտանգության կամ պետական սահմանի պահպանության և պաշտպանության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների տեղադրման և շահագործման)․

3) բուսատեսակների և կենդանատեսակների աճելավայրերի և ապրելավայրերի պայմանների խախտումը․

4) որսորդությունը և ձկնորսությունը․

5) կենդանիների և բույսերի ինվազիվ՝ օտարածին տեսակների, կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծումը և կլիմայավարժեցումը, ինչպես նաև առանձին տեսակների քանակի փոփոխության կամ կարգավորման նպատակով իրականացվող որևէ աշխատանք կամ միջոցառում․

6) կենդանիների որսը, բռնելը կամ նմուշառումը, բույսերի հավաքը, պտուղների ու սերմերի մթերումը, բացառությամբ արգելոցի տարածքում գիտական հետազոտությունների համար նախատեսված աշխատանքների և գիտական հավաքածուների ձևավորման դեպքերի․

7) անտառահատումները, անասունների արածեցումը, խոտհունձը և բուսական ծածկույթի այլ խախտումներ, բացառությամբ հրդեհային անվտանգության աշխատանքների իրականացման նպատակով նախատեսվող միջոցառումների․

8) թունաքիմիկատների, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը․

9) արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) և սպառման թափոնների գործածությունը, ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը և տարանցիկ տեղափոխումը․

10) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները․

11) օգտակար հանածոների հանքավայրերի շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների, լցակույտերի, պոչամբարների և հանքարդյունաբերությանն առնչվող ցանկացած այլ օբյեկտի տեղաբաշխումը․

12) ընդհանուր օգտագործման ճանապարհներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կայանումը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքերի․

13) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերից բացի, այլ նպատակներով մուտքն արգելոցի տարածք:

2. Արգելոցի տարածքում թույլատրվում են՝

1) բնական էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումն ու մշտադիտարկումը․

2) արգելոցի զարգացման (կառավարման) պլանով սահմանված երթուղիներով էկոլոգիական զբոսաշրջության կազմակերպումը․

3) կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրանսպորտային միջոցների օգտագործումը․

4) հրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը․

5) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական միջոցառումների (աշակերտների համար բաց դասերի, էքսկուրսիաների, ցուցահանդեսների կազմակերպում) և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը․

6) իրազեկման նպատակով բնապահպանական միջոցառումների, բնապահպանական օրերի նշման միջոցառումների, նկարահանումների կազմակերպումը և իրականացումը:

3. Արգելոցի տարածքում սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով նախատեսված թույլատրելի գործունեության իրականացման, ինչպես նաև այդ գործունեության շրջանակներում մատուցվող ծառայություններից օգտվելու համար գանձվում է թույլատրելի գործունեության և սպասարկման վճարի տեսակ՝ մուտքի վճար:

4. Իրավաբանական կամ ֆիզիկական անձինք արգելոցի կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար արգելոցի համապատասխան անցակետում էլեկտրոնային եղանակով վճարում են մուտքի վճարը, իսկ իրավաբանական անձինք կարող են նաև վճարումն իրականացնել պայմանագրային հիմունքներով:

5. Յուրաքանչյուր արգելոցի համար մուտքի վճարի դրույքաչափը, միաժամանակյա այցելուների թույլատրելի քանակը և տարածքում գտնվելու ժամանակահատվածը սահմանում է լիազորված մարմինը:

6. Նույնատիպ ծառայությունների մատուցման դեպքում արգելոցի կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունը պարտավոր է այցելուների նկատմամբ կիրառել լիազորված մարմնի կողմից սահմանված հավասար վճարաչափեր:

7. Յուրաքանչյուր արգելոցի համար սահմանված մուտքի վճարը գանձվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկային կամ պետական վճարային համակարգերի միջոցով, մուտքագրվում է տվյալ արգելոցի կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեհամարին և օգտագործվում է տվյալ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

8. Արգելոցի մուտքը կատարվում է լիազորված մարմնի հաստատած անցագրով, որը տրվում է արգելոցի կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։