Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԸ

Հոդված 20. Ազգային պարկի պահպանության ռեժիմը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Ազգային պարկի պահպանության ռեժիմը

1. Ազգային պարկի արգելոցային գոտու նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջները:

2. Ազգային պարկի արգելավայրային գոտու նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջները:

3. Ազգային պարկի ռեկրեացիոն գոտում արգելվում է՝

1) ջրային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ՝

ա. մարդկանց բարեկեցության և շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման (ինչպես սահմանվում է ազգային ջրային պաշար հասկացությամբ) նպատակների՝ առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման և ջրահեռացման գերակայությունը՝ այն դեպքում, երբ, ռեկրեացիոն գոտու տարածքից ջրառ իրականացնելուց բացի, ջրի այլընտրանքային աղբյուր առկա չէ,

բ. գյուղատնտեսական (ոռոգման) նպատակով ջրախնայող համակարգերի միջոցով ջրօգտագործման, այն դեպքում, երբ, ռեկրեացիոն գոտու տարածքից գյուղատնտեսական (ոռոգման) նպատակով ջրօգտագործում իրականացնելուց բացի, ջրի այլընտրանքային աղբյուր առկա չէ,

գ. ազգային պարկի ստեղծման նպատակով ջրօգտագործման դեպքերի,

դ. ռեկրեացիոն գոտու տարածքում սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված գործունեության տեսակների իրականացման համար անհրաժեշտ ջրօգտագործման դեպքերի,

ե. ազգային պարկի կանոնադրական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ ջրօգտագործման դեպքերի․

2) բուսատեսակների և կենդանատեսակների աճելավայրերի և ապրելավայրերի պայմանների խախտումը․

3) անասունների արածեցումը․

4) որսը (որսորդությունը)․ բացառությամբ սիրողական ձկնորսության․

5) բույսերի և կենդանիների ինվազիվ՝ օտարածին տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները․

6) թունաքիմիկատների, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը․

7) արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) և սպառման թափոնների գործածությունը, ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը․

8) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները, օգտակար հանածոների հանքավայրերի շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների, լցակույտերի, պոչամբարների և հանքարդյունաբերությանն առնչվող ցանկացած այլ օբյեկտի տեղաբաշխումը․

9) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների)․

10) արդյունագործական նպատակով բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների և դրանց արգասիքների օգտագործումը․

11) ընդհանուր օգտագործման ճանապարհներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կայանելը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում, բացառությամբ ազգային պարկի գործունեության համար անհրաժեշտ միջոցառումների, ինչպես նաև ազգային անվտանգության կամ պետական սահմանի պահպանության և պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումների:

4. Ազգային պարկի ռեկրեացիոն գոտում թույլատրվում է՝

1) այցելուների հանգիստը․

2) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության և դրանց բաղադրիչների գիտական ուսումնասիրությունը, հաշվառումը, գույքագրումը, մշտադիտարկումը, այդ թվում՝ այցելուների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մշտադիտարկումը․

3) էկոլոգիական զբոսաշրջության կազմակերպումը․

4) սիրողական ձկնորսությունը՝ «Կենդանական աշխարհի մասին» օրենքով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով․

5) ռեկրեացիայի նպատակով հողերի՝ սույն օրենքով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան՝ կառուցապատման կամ վարձակալության իրավունքով տրամադրումն ու սպասարկման ծառայությունների կազմակերպումը․

6) սանիտարական և խնամքի հատումները․

7) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթների ու գործընթացների, այդ թվում՝ հիվանդությունների տարածման կանխարգելմանը, հակահրդեհային պաշտպանությանը, զարգացման (կառավարման) պլանի համաձայն խախտված էկոհամակարգերի վերականգնմանը, ինչպես նաև անտառապատմանը կամ անտառվերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացումը․

8) զարգացման (կառավարման) պլանով նախատեսված հանգստի և զբոսաշրջային երթուղիների ենթակառուցվածքների ձևավորումը և սպասարկումը․

9) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը․

10) տրանսպորտային միջոցների մուտքն ու կայանելը այդ նպատակով առանձնացված վայրերում:

5. Ազգային պարկի տնտեսական (կայուն օգտագործման) գոտու տարածքում արգելվում է՝

1) ջրային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ՝

ա. մարդկանց բարեկեցության և շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման (ինչպես սահմանվում է ազգային ջրային պաշար հասկացությամբ) նպատակների՝ առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման և ջրահեռացման գերակայությունը՝ այն դեպքում, երբ, տնտեսական (կայուն օգտագործման) գոտու տարածքից ջրառ իրականացնելուց բացի, ջրի այլընտրանքային աղբյուր առկա չէ,

բ. գյուղատնտեսական (ոռոգման) նպատակով ջրախնայող համակարգերի միջոցով ջրօգտագործման, այն դեպքում, երբ, տնտեսական (կայուն օգտագործման) գոտու տարածքից ջրօգտագործում իրականացնելուց բացի, ջրի այլընտրանքային աղբյուր առկա չէ,

գ. ազգային պարկի ստեղծման նպատակների ապահովման համար անհրաժեշտ ջրօգտագործման դեպքերի,

դ. տնտեսական (կայուն օգտագործման) գոտու տարածքում թույլատրված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ջրօգտագործման դեպքերի,

ե. ազգային պարկի կանոնադրական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ ջրօգտագործման դեպքերի․

2) բուսատեսակների և կենդանատեսակների աճելավայրերի և ապրելավայրերի պայմանների խախտումը․

3) անտառահատումները, բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների․

4) բույսերի և կենդանիների ինվազիվ՝ օտարածին տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները․

5) թունաքիմիկատների օգտագործումը բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը․

6) արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) և սպառման թափոնների գործածությունը, ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը․

7) ընդերքի շահագործումը․

8) հանքանյութեր վերամշակող օբյեկտների, լցակույտերի, պոչամբարների և հանքարդյունաբերությանն առնչվող ցանկացած այլ օբյեկտի տեղաբաշխումը․

9) ընդհանուր օգտագործման ճանապարհներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կայանելը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում, բացառությամբ ազգային պարկի գործունեության համար անհրաժեշտ միջոցառումների, ինչպես նաև ազգային անվտանգության կամ պետական սահմանի պահպանության և պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումների․

10) որսը (որսորդությունը), բացառությամբ սիրողական կամ արդյունագործական ձկնորսության․

11) անասնապահությունը, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերի:

6. Ազգային պարկի տնտեսական (կայուն օգտագործման) գոտում թույլատրվում են սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված գործունեության ձևերն ըստ նպատակների, ինչպես նաև գործունեության հետևյալ ձևերը․

1) էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, այդ թվում՝ օրգանական պարարտանյութերի օգտագործմամբ․

2) օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի և կենդանիների արհեստական վերարտադրությունն ու օգտագործումը․

3) խոտհունձը և անասունների արածեցումը զարգացման (կառավարման) պլանով նախատեսված վայրերում․

4) արածեցման նպատակով արոտավայրերի հերթափոխային օգտագործումը:

7. Ազգային պարկի արգելոցային, արգելավայրային, ռեկրեացիոն և տնտեսական (կայուն օգտագործման) գոտիներում սույն օրենքով և տվյալ տարածքի պահպանության ու օգտագործման ռեժիմով թույլատրված գործունեության իրականացման, ինչպես նաև այդ գործունեության շրջանակներում կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների և ենթակառուցվածքների սպասարկման դիմաց գանձվում է թույլատրելի գործունեության և սպասարկման վճար: Վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանում է լիազորված մարմինը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։