Հոդված 22. Արգելավայրի պահպանության ռեժիմը
Հոդված 22. Արգելավայրի պահպանության ռեժիմը
1. Արգելավայրի տարածքում արգելվում է՝
1) ջրային ռեսուրսների օգտագործումը, այդ թվում՝ ջրային համակարգերի միջոցով, բացառությամբ՝
ա. մարդկանց բարեկեցության և շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման (ինչպես սահմանվում է ազգային ջրային պաշար հասկացությամբ) նպատակի՝ առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման և ջրահեռացման գերակայությունն այն դեպքում, երբ, արգելավայրի տարածքից ջրառ իրականացնելուց բացի, ջրի այլընտրանքային աղբյուր առկա չէ,
բ. արգելավայրի տարածքում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործունեության,
գ. արգելավայրի ստեղծման նպատակով ջրօգտագործման դեպքերի,
դ. արգելավայրի կանոնադրական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ ջրօգտագործման դեպքերի․
2) պահպանության ենթակա բուսատեսակների և կենդանատեսակների աճելավայրերի և ապրելավայրերի պայմանների խախտումը․
3) որսը, բացառությամբ սիրողական և սպորտային ձկնորսության․
4) անասունների արածեցումը․
5) բույսերի և կենդանիների ինվազիվ՝ օտարածին տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները․
6) անտառահատումները, բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների․
7) թունաքիմիկատների, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը․
8) արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) և սպառման թափոնների գործածությունը, ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը․
9) ընդհանուր օգտագործման ճանապարհներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կայանելը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում․
10) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտմամբ), օգտակար հանածոների հանքավայրերի շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների, լցակույտերի, պոչամբարների և հանքարդյունաբերությանն առնչվող ցանկացած այլ օբյեկտի տեղաբաշխումը․
11) հասարակական, բնակելի և արտադրական օբյեկտների, ինժեներական ենթակառուցվածքների, հաղորդակցուղիների համակարգերի (ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների) շինարարությունն ու շահագործումը (բացառությամբ արգելավայրի պահպանության համար նախատեսված ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների շինարարության ու շահագործման, ինչպես նաև ազգային անվտանգության կամ պետական սահմանի պահպանության և պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումների):
2. Արգելավայրի տարածքում թույլատրվում են՝
1) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մշտադիտարկումը․
2) զարգացման (կառավարման) պլանով սահմանված երթուղիներով էկոլոգիական զբոսաշրջության կազմակերպումը, այդ թվում՝ տեղանքին համահունչ հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը․
3) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման, այդ թվում՝ անտառվերականգնման միջոցառումները․
4) պահպանության ենթակա բուսատեսակների և կենդանատեսակների վերարտադրությունը, դրանց պոպուլյացիաների վերականգնմանը նպաստող միջոցառումները․
5) մեղվապահությունը՝ բացառապես արգելավայրի կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կազմակերպված ձևով․
6) սանիտարահիգիենիկ և հրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը․
7) իրազեկման նպատակով բնապահպանական միջոցառումների, բնապահպանական օրերի նշումների, նկարահանումների կազմակերպումը և իրականացումը․
8) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը․
9) կենդանական աշխարհի, այդ թվում՝ Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը գիտահետազոտական նպատակով․
10) կենդանական աշխարհի, այդ թվում՝ Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակով․
11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված թույլտվության, պայմանագրերի առկայության դեպքում՝ բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը:
3. Արգելավայրի տարածքում սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 10-րդ կետերով սահմանված դեպքերում թույլատրելի գործունեության իրականացման, ինչպես նաև այդ գործունեության շրջանակներում մատուցվող ծառայությունների և ենթակառուցվածքների սպասարկման դիմաց գանձվում է թույլատրելի գործունեության և սպասարկման վճար:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վճարի տեսակները և դրույքաչափերը սահմանում է լիազորված մարմինը: