Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՊԱՀՊԱՆՎՈՂ ԼԱՆԴՇԱՖՏԸ

Հոդված 27. Պահպանվող լանդշաֆտի պահպանության ռեժիմը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. Պահպանվող լանդշաֆտի պահպանության ռեժիմը

1. Պահպանվող լանդշաֆտի տարածքում արգելվում է՝

1) ջրային ռեսուրսների օգտագործումը, այդ թվում՝ ջրային համակարգերի միջոցով, բացառությամբ՝

ա. մարդկանց բարեկեցության և շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման (ինչպես սահմանվում է ազգային ջրային պաշար հասկացությամբ) նպատակի՝ առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման և ջրահեռացման գերակայությունը՝ այն դեպքում, երբ, լանդշաֆտի տարածքից ջրօգտագործում իրականացնելուց բացի, ջրի այլընտրանքային աղբյուր առկա չէ,

բ. գյուղատնտեսական (ոռոգման) նպատակով ջրախնայող համակարգերի միջոցով ջրօգտագործման, այն դեպքում, երբ, լանդշաֆտի տարածքում ջրօգտագործում իրականացնելուց բացի, ջրի այլընտրանքային աղբյուր առկա չէ,

գ. պահպանվող լանդշաֆտի տարածքում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործունեության,

դ. պահպանվող լանդշաֆտի ստեղծման նպատակով ջրօգտագործման դեպքերի,

ե. պահպանվող լանդշաֆտի կանոնադրական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ ջրօգտագործման դեպքերի․

2) բուսատեսակների և կենդանատեսակների աճելավայրերի և ապրելավայրերի պայմանների խախտումը․

3) բույսերի և կենդանիների ինվազիվ՝ օտարածին տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները․

4) անտառահատումները, բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների․

5) արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) և սպառման թափոնների գործածությունը, ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը․

6) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով), օգտակար հանածոների հանքավայրերի շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների, լցակույտերի, պոչամբարների և հանքարդյունաբերությանն առնչվող ցանկացած այլ օբյեկտի տեղաբաշխումը․

7) պահպանվող լանդշաֆտի գեղագիտական տեսքը խաթարող գործունեություն:

2. Պահպանվող լանդշաֆտի տարածքում թույլատրվում են՝

1) բնական էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների գիտական ուսումնասիրությունը, հաշվառումը, գույքագրումը, մշտադիտարկումը, այդ թվում՝ այցելուների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մշտադիտարկումը․

2) էկոլոգիական զբոսաշրջության կազմակերպումը, այդ թվում՝ լանդշաֆտին համահունչ հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը էսքիզային նախագծերը քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո․

3) ռեկրեացիայի նպատակով հողերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան, վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրումն ու սպասարկման ծառայությունների կազմակերպումը․

4) արածեցման նպատակով արոտավայրերի հերթափոխային օգտագործումը․

5) խոտհունձը՝ պահպանվող լանդշաֆտի զարգացման (կառավարման) պլանով կամ համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրերում, ժամկետներում և պայմաններով․

6) սանիտարական և խնամքի հատումները, անտառվերականգնումը, տարածքին բնորոշ ծառերի և բույսերի տնկումը․

7) լանդշաֆտների հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները, այդ թվում՝ վարակիչ հիվանդությունները կանխարգելող, հակահրդեհային, ինչպես նաև խախտված լանդշաֆտների վերականգնման միջոցառումները՝ համաձայն զարգացման (կառավարման) պլանի․

8) սանիտարահիգիենիկ և հակահրդեհային միջոցառումների իրականացումը․

9) մշակութային արժեք ունեցող լանդշաֆտների և պատմամշակութային հուշարձանների վերականգնումը․

10) ավանդական և օրգանական գյուղատնտեսական աշխատանքները․

11) սիրողական ձկնորսությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Պահպանվող լանդշաֆտի տարածքում թույլատրելի գործունեության իրականացման, ինչպես նաև այդ գործունեության շրջանակներում կառավարող սուբյեկտի կողմից մատուցվող ծառայությունների և ենթակառուցվածքների սպասարկման դիմաց գանձվում է թույլատրելի գործունեության և սպասարկման վճար: Վճարի տեսակները և դրույքաչափերը սահմանում է համայնքի ավագանին՝ համայնքի ղեկավարի առաջարկությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։