Հոդված 234.5. Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գնումների հետ կապված վեճերը և դրանց լուծման ժամկետը
Հոդված 234.5. Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գնումների հետ կապված վեճերը և դրանց լուծման ժամկետը
1. Դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հետ կապված վեճերը:
2. Գնումների հետ կապված վեճերը քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեսուն օրվա ընթացքում: Դատարանի պատճառաբանված որոշմամբ սույն մասով նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` մինչև տասն օրացուցային օրով:
⚖Հոդված 234.6. Հայցադիմումը վարույթ ընդունելը և դատարանի գործողությունները հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո
1. Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է այն ներկայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
2. Հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կայացնում է որոշում՝ պատասխանողից տվյալ գնման գործընթացի հետ կապված պատասխանողի տիրապետման տակ գտնվող բոլոր ապացույցները պահանջելու մասին:
3. Ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշումը կատարվում է պատասխանողի կողմից որոշումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:
Սույն մասով նախատեսված ժամկետում պատասխանողի կողմից ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշման պահանջները չկատարվելու դեպքում գործը քննվում է դրանում առկա ապացույցների հիման վրա, իսկ հայցվորի վկայակոչած այն փաստերը, որոնք ենթակա են հաստատման պատասխանողի տիրապետման տակ գտնվող ապացույցներով, համարվում են հաստատված:
4. Դատարանը միևնույն գնման գործընթացին վերաբերող՝ սույն գլխով նախատեսված վեճերի վերաբերյալ իր վարույթում քննվող գործերը միացնում է մեկ վարույթում:
5. Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն անհապաղ ուղարկվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորված մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին: Լիազորված մարմինը սույն մասով նախատեսված որոշումն անհապաղ հրապարակում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված տեղեկագրում՝ նշելով կասեցման օրը:
(հոդվածը 03.07.26 ՀՕ-330-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)
⚖Հոդված 234.7. Պատասխանողի գործողությունները հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո
(վերնագիրը խմբ. 07.02.24 ՀՕ-82-Ն)
1. Հայցադիմումի պատասխանը կամ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը ներկայացվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:
(234.7-րդ հոդվածը խմբ. 07.02.24 ՀՕ-82-Ն)
(07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)