Հոդված 425. Դատական ակտի վերանայման բողոքի պատասխանը
Հոդված 425. Դատական ակտի վերանայման բողոքի պատասխանը
1. Գործին մասնակցող անձը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, իրավունք ունի պատասխան ուղարկելու կամ այն հանձնելու դատարան և գործին մասնակցող այլ անձանց:
2. Դատական ակտի վերանայման բողոքի պատասխանը պետք է բավարարի սույն օրենսգրքի համապատասխանաբար 369-րդ կամ 398-րդ հոդվածներով սահմանված պահանջները:
3. Պատասխանը ներկայացնող անձը կարող է դատական ակտի վերանայման բողոքի պատասխանին կցել ապացույցներ:
4. Ներկայացված պատասխանին կցվում է պատասխանը, իսկ ապացույցներ ներկայացվելու դեպքում` նաև այդ ապացույցների պատճենները գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու ապացույցները:
5. Պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունները հավաստող փաստաթուղթ:
⚖Հոդված 426. Դատական ակտի վերանայման բողոքի քննության կարգը
1. Նոր երևան եկած հանգամանքներով կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելիս վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները վերանայման կարգով գործը քննում են համապատասխան դատարանում գործերի քննության համար սույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան, եթե սույն գլխով այլ բան նախատեսված չէ:
2. Դատական ակտի վերանայման բողոքի քննության ընթացքում դատարանը հետազոտում է գործում առկա ապացույցները:
3. Դատական ակտի վերանայման բողոքի հիմքի առկայությունը կամ բացակայությունը պարզելու նպատակով դատարանը գնահատում է հետազոտված ապացույցները և կարող է հաստատված համարել նոր փաստ, եթե հետազոտված ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:
⚖Հոդված 427. Դատական ակտը վերանայող դատարանի լիազորությունները
1. Դատարանը, պարզելով սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով կամ 419-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայությունը, բեկանում է վերանայվող դատական ակտը և ուղարկում համապատասխան դատարան` նոր քննության, եթե չկա այն փոփոխելու հնարավորություն:
2. (մասն ուժը կորցրել է 25.03.26 ՀՕ-108-Ն)
3. Դատարանը, բեկանելով վերանայվող դատական ակտը, փոփոխում է այն, եթե գործով հաստատված փաստերը հնարավորություն են տալիս առանց գործի նոր քննության կայացնելու նոր դատական ակտ:
4. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի համապատասխանաբար 381-րդ և 406-րդ հոդվածների պահանջները:
5. Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան:
(427-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-182-Ն, 25.03.26 ՀՕ-108-Ն)
(25.03.26 ՀՕ-108-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(հոդվածի 23.09.25 ՍԴՈ-1797 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 25.03.26 ՀՕ-108-Ն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի փոփոխությամբ)