Հոդված 106. Վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարվելիք գումարները
Հոդված 106. Վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարվելիք գումարները
1. Վկաների, փորձագետների, մասնագետների, թարգմանիչների` դատարան ներկայանալու ճանապարհածախսը ենթակա է հատուցման։ Նրանց վճարվում են նաև օրապահիկ և գիշերավարձ։ Բնակության վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու կամ, անկախ հեռավորությունից, բնակության վայրից մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքերում հատուցվում է միայն ճանապարհածախսը։
2. Զբաղվածություն չունեցող վկային և մասնագետին վճարվում է փոխհատուցում` ժամանակի կորստի համար` ելնելով ժամանակի փաստացի կորստի և օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափերից, իսկ աշխատող վկային փոխհատուցումը վճարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատաժամանակի հաշվարկին համապատասխան:
3. Վկաներին, փորձագետներին, մասնագետներին և սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում թարգմանիչներին վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետությունը` նրանց կողմից իրենց պարտականությունների կատարման ավարտից հետո։ Վկաների, փորձագետների և թարգմանիչների պարտականությունների կատարման ավարտի օր է համարվում տվյալ գործով նշանակված վերջին դատաքննության օրը:
4. Դատարանը վկաների, փորձագետների, մասնագետների և թարգմանիչների կողմից իրենց պարտականությունների կատարման ավարտից հետո՝ 10-օրյա ժամկետում, կայացնում է որոշում՝ վճարում կատարելու անհրաժեշտության մասին և այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ:
5. Դատական դեպարտամենտը վճարումը կատարում է ոչ ուշ, քան համապատասխան որոշումն ստանալուց 20 օր հետո` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին հատկացված միջոցների հաշվին:
6. Վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին օրապահիկի, գիշերավարձի և ճանապարհածախսի վճարումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ծառայողական գործուղման չափորոշիչները։