Հոդված 343. Դիմումի քննությունը
Հոդված 343. Դիմումի քննությունը
1. Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումն առաջին ատյանի դատարանը քննում է դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում՝ առանց դատական նիստ հրավիրելու:
2. Դատարանը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցվում են կողմերը և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը:
3. Գործի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ:
4. Դատարանը կարող է ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից պահանջել այն գործով նյութերը, որով կայացված որոշման հարկադիր կատարման համար պահանջվում է տրամադրել կատարողական թերթ:
5. Դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:
6. Եթե ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է ֆինանսական համակարգի հաշտարարի նույն որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա դատարանն առանց քննության է թողնում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննությունը: