Հոդված 17. Դատական վարույթի հրապարակայնությունը
Հոդված 17. Դատական վարույթի հրապարակայնությունը
1. Դատարանում գործը քննվում է դռնբաց դատական նիստում:
2. Դատավարության մասնակիցների մասնավոր կյանքի, ներառյալ` առևտրային գաղտնիքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ գործը կամ դրա մի մասը կարող է քննել դռնփակ դատական նիստում:
3. Գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու հարցը լուծվում է դռնփակության պայմաններում:
4. Գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու մասին դատարանը կայացնում է որոշում:
5. Դռնփակ դատական նիստում գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կանոնների պահպանմամբ: Գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու դեպքում դատական նիստին իրավունք ունեն ներկա լինելու դատական նիստերի քարտուղարը, գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները, դատական կարգադրիչները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վկան, փորձագետը, մասնագետը և թարգմանիչը: Նշված անձինք դատարանի կողմից ստորագրություն վերցնելու միջոցով նախազգուշացվում են օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները չհրապարակելու և սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին:
6. Դռնփակ դատական նիստում տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառումն արգելվում է:
7. Դատարանի` եզրափակիչ, իսկ սույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
8. Գործը կամ դրա մասը դռնփակ նիստում քննելու դեպքում դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է եզրափակիչ դատական ակտի եզրափակիչ մասը, բացառությամբ այն դեպքերի, երբ այն պարունակում է օրենքով պահպանվող գաղտնիք: Եզրափակիչ դատական ակտի` օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող եզրափակիչ մասը հրապարակվում է դռնփակ նիստում:
9. Գործը կամ դրա մի մասը դատարանի որոշմամբ դռնփակ նիստում քննելու դեպքում տվյալ գործի հետագա քննությունն այլ դատական ատյաններում կատարվում է դռնփակ: