Հոդված 2. Դատավարական իրավունակությունը և գործունակությունը
Հոդված 2. Դատավարական իրավունակությունը և գործունակությունը
1. Դատավարական իրավունքներ ունենալու և դատավարական պարտականություններ կրելու ունակությունը ճանաչվում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հավասարապես (դատավարական իրավունակություն):
2. Հայաստանի Հանրապետությունը և համայնքները սույն օրենսգրքով կարգավորվող հարաբերություններում հանդես են գալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով։
3. Իրավաբանական անձանց համար սույն օրենսգրքով սահմանված դրույթները վերաբերում են նաև հիմնարկներին, եթե նրանք օրենքի համաձայն վիճելի իրավահարաբերությանը մասնակցում են իրենց անունից:
4. Ֆիզիկական և իրավաբանական անձինք օժտված են իրենց գործողություններով իրենց դատավարական իրավունքներն իրականացնելու և պարտականությունները կատարելու ունակությամբ (դատավարական գործունակություն):
5. Դատավարական գործունակությունն իրավաբանական անձանց համար ծագում է պետական գրանցման, իսկ հիմնարկների համար՝ ստեղծման պահից:
6. Դատավարական գործունակությունը ֆիզիկական անձանց համար ծագում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կարգով լրիվ գործունակություն ձեռք բերելու պահից:
7. Անչափահասների, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց իրավունքները և օրինական շահերը դատարանում համապատասխանաբար ներկայացնում են նրանց ծնողները (որդեգրողները), խնամակալները կամ հոգաբարձուները:
8. Օրենքով նախատեսված դեպքերում անչափահասները, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիները կարող են դատարանում ինքնուրույն ներկայացնել իրենց շահերը: Օրենքով նախատեսված դեպքերում գործի քննության ընթացքում նրանք ունեն իրենց շահերին առնչվող հարցերի վերաբերյալ լսվելու իրավունք:
9. Անչափահասները, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք կարող են ինքնուրույն դիմել դատարան միայն սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում: