Հոդված 182. Գործի վարույթը կարճելու հիմքերը
Հոդված 182. Գործի վարույթը կարճելու հիմքերը
1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե`
1) գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով.
2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ, բացառությամբ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշման.
3) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա են օրինական ուժ ստացած վճարման կարգադրություն, արբիտրաժի վճիռ կամ ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշում, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու դեպքի.
4) գործին մասնակցող հայցվորի կամ պատասխանողի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը.
5) հայցը հարուցվել է մինչև հարուցումը մահացած պատասխանողի դեմ.
6) գործին մասնակցող իրավաբանական անձը լուծարվել է.
7) հայցվորը կամ դիմողը հրաժարվել է պահանջից.
8) վեճն ըստ էության սպառվել է.
9) դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը, ներառյալ` հաշտարարության արդյունքով կնքված հաշտության համաձայնությունը.
10) հաշտարարության արդյունքով կողմերը կնքել են հաշտության համաձայնություն, որտեղ նշել են առանց հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու գործի վարույթը կարճելու մասին.
11) հայցը ներկայացվել է սույն օրենսգրքի 140-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների խախտմամբ.
12) օրենքով նախատեսված այլ դեպքերում: