Հոդված 134. Հայցի ապահովման միջոցի վերացումը
Հոդված 134. Հայցի ապահովման միջոցի վերացումը
1. Դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ կարող է վերացնել հայցի ապահովման միջոցը:
2. Հայցի ապահովման միջոցը կարող է լրիվ կամ մասնակի վերացվել, եթե՝
1) բացակայում են կամ վերացել են սույն օրենսգրքի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը.
2) առկա է հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու վերաբերյալ գործին մասնակցող այն անձի գրավոր համաձայնությունը, որի միջնորդությամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց.
3) սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում: Միջնորդության քննության արդյունքներով դատական ակտը պետք է կայացվի միջնորդությունն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը լուծվում է առանց դատական նիստ հրավիրելու՝ այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:
5. Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդության քննության արդյունքներով կայացվում է որոշում:
6. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու մասին դատարանի որոշումը վերաքննիչ դատարան կարող է բողոքարկել այն անձը, որի միջնորդությամբ կիրառվել էր հայցի ապահովման միջոց: Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման:
(134-րդ հոդվածը լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն)