Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-09-27-ից մինչև 2024-12-27։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 54 · ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 376. Վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով

գործել է մինչև 2024-12-27Բացել ARLIS-ում

Հոդված 376. Վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով

1. Վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:

2. Վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում գործին մասնակցող անձինք տեղեկացվում են միայն բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրվա մասին:

3. Գրավոր ընթացակարգով վերաքննիչ բողոքի քննության ընթացքում զեկուցող դատավորը կազմում է վերաքննիչ դատարանի որոշման նախագիծը, որը գործի նյութերի հետ տրամադրվում է վերաքննիչ դատարանի կազմի մյուս դատավորներին:

4. Դատական կազմում ընդգրկված դատավորները կարող են որոշման նախագծի վերաբերյալ ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ, որոնց հիման վրա զեկուցող դատավորը լրամշակում է որոշման նախագիծը:

5. Վերաքննիչ դատարանի որոշման նախագծի վերաբերյալ դատական կազմում ընդգրկված դատավորների կողմից դիտողություններ և առաջարկություններ չներկայացվելու կամ դրանց հիման վրա նախագիծը լրամշակելուց հետո կամ ներկայացված դիտողությունները և առաջարկությունները չընդունելու դեպքում զեկուցողն այն ներկայացնում է քվեարկության:

6. Եթե քվեարկության արդյունքով զեկուցողի ներկայացրած նախագիծը չի ընդունվում, ապա տվյալ գործով որոշման նոր նախագիծը կազմում է դեմ քվեարկած դատավորների կազմից և նրանց կողմից որոշված դատավորը:

&#9878Հոդված 377. Բողոքի քննության ժամկետը վերաքննիչ դատարանում

1. Վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը քննում և որոշում է կայացնում ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

2. Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի միջանկյալ դատական ակտերի կամ վճարման կարգադրության դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննում և որոշում է կայացնում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, իսկ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ պարտատերերի պահանջների հաստատման կապակցությամբ կայացված որոշումների դեմ բերված բողոքները՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում։

(377-րդ հոդվածը փոփ. 23.12.22 ՀՕ-576-Ն)

(23.12.22 ՀՕ-576-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

&#9878Հոդված 378. Ապացույցների հետազոտումը և նոր ապացույցների ընդունումը վերաքննիչ դատարանի կողմից

1. Վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարան, բացառությամբ այն դեպքերի, երբ գործին մասնակցող անձը վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ վերաքննիչ դատարան ներկայացված նոր ապացույցն իր կամքից անկախ հանգամանքներում չի ներկայացվել առաջին ատյանի դատարան:

2. Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել գործին մասնակցող անձի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է դատական ակտը և գործն ուղարկում է համապատասխան դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար:

3. Ապացույցը չի կարող համարվել առաջին ատյանի դատարանում գործին մասնակցող անձի կամքից անկախ հանգամանքներում չներկայացված, եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ այն գոյություն չի ունեցել կամ գործին մասնակցող անձի տիրապետման տակ չի եղել, սակայն գործին մասնակցող անձը այն ձեռք բերելու և առաջին ատյանի դատարան ներկայացնելու կամ սույն օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված կարգով պահանջելու հնարավորություն է ունեցել:

4. Վերաքննիչ դատարանը հետազոտում է այն ապացույցները`

1) որոնց թույլատրելիությունը, վերաբերելիությունը կամ արժանահավատությունը վիճարկվում են վերաքննիչ բողոքում.

2) որոնք գործին մասնակցող անձի պնդմամբ իր կամքից անկախ հանգամանքներում չեն ներկայացվել դատարան և գործի քննության համար ունեն էական նշանակություն:

5. Վկայի ցուցմունքը հետազոտելու անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանը հետազոտում է դատական նիստի արձանագրության` տվյալ վկայի ցուցմունքը պարունակող մասը:

6. Վերաքննիչ դատարանը նոր ներկայացրած ապացույցները հետազոտում է միայն դրանց` գործի քննության համար էական նշանակություն ունենալու տեսանկյունից:

7. Վերաքննիչ դատարանը չի կարող կիրառել սույն օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված լիազորությունները` հիմնվելով վերաքննիչ դատարան ներկայացված նոր ապացույցների վրա:

&#9878Հոդված 379. Վերաքննության սահմանները վերաքննիչ դատարանում

1. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ սույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է սույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:

3. Վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ բողոք բերած անձի պահանջով:

4. Վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի փաստական կամ իրավական դիրքորոշմամբ:

5. Վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

6. Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստերն ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է այդ փաստը, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս դատարանը սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի հաստատած փաստը, եթե դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:

7. Եթե առաջին ատյանի դատարանը հետազոտված ապացույցների հիման վրա չի հաստատել որևէ փաստ, որը պարտավոր էր հաստատել, ապա վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ, եթե վերաքննիչ բողոք բերած անձը վիճարկում է հետազոտված ապացույցների հիման վրա տվյալ փաստն առաջին ատյանի դատարանի կողմից չհաստատվելը, և եթե առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է նման փաստ հաստատել:

&#9878Հոդված 380. Վերաքննիչ դատարանի լիազորությունները

1. Վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանը`

1) մերժում է վերաքննիչ բողոքը` վճիռը թողնելով անփոփոխ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած վճիռը թերի կամ սխալ է հիմնավորված կամ պատճառաբանված, վերաքննիչ դատարանը հիմնավորում կամ պատճառաբանում է անփոփոխ թողնված վճիռը.

2) բավարարում է վերաքննիչ բողոքը՝ փոփոխելով վճռի պատճառաբանական մասը՝ առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վճիռը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ.

4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վճիռը` առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հաստատելով նոր փաստ կամ չհաստատված համարելով դատարանի հաստատած փաստը, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վճիռը, եթե առաջին ատյանի դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից՝ բողոքարկված և չբեկանված մասով վճիռը թողնելով անփոփոխ: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ.

6) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վճիռը և ամբողջությամբ կամ մասնակիորեն կարճում է գործի վարույթը՝ բողոքարկված և չբեկանված մասով վճիռը թողնելով անփոփոխ: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ.

7) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վճիռը և ամբողջությամբ կամ մասնակիորեն հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության՝ բողոքարկված և չբեկանված մասով վճիռը թողնելով անփոփոխ: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ.

8) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վճիռը և հաստատում գործին մասնակցող անձանց կնքած հաշտության համաձայնությունը՝ բողոքարկված և չբեկանված մասով վճիռը թողնելով անփոփոխ: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ:

2. Որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` որոշումը թողնելով օրինական ուժի մեջ կամ բավարարելով բողոքը` վերացնում է որոշումը և (կամ) կայացնում է նոր որոշում։

3. Սնանկության գործերով կայացված որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` որոշումը թողնելով օրինական ուժի մեջ, կամ բավարարում է բողոքը` վերացնելով դատարանի որոշումը և (կամ) կայացնում է նոր որոշում կամ վերացնում է որոշումը՝ հարցն ուղարկելով համապատասխան դատարան՝ նոր քննության:

4. Վճարման կարգադրության դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը՝ վճարման կարգադրությունը թողնելով օրինական ուժի մեջ, կամ բավարարելով վերաքննիչ բողոքը՝ վերացնում է վճարման կարգադրությունը:

5. Գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը: Գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկել սույն օրենսգրքով սահմանված կարգով:

&#9878Հոդված 381. Առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշումը

1. Վճռի, այլ եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում։ Որոշումը կայացվում է Հայաստանի Հանրապետության անունից:

2. Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

3. Որոշման ներածական մասը պետք է պարունակի`

1) վերաքննիչ դատարանի լրիվ անվանումը, գործի համարը, որոշման կայացման ամսաթիվը, վայրը և վերաքննիչ դատարանի կազմը,

2) առաջին ատյանի դատարանի վճռի կայացման ամսաթիվը, այն կայացրած առաջին ատյանի դատարանի անվանումը և դատավորի անունը և ազգանունը,

3) գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), վերաքննիչ բողոք բերած անձի անունը (անվանումը), վերաքննիչ բողոքի դեմ պատասխան ներկայացվելու դեպքում նաև պատասխանը ներկայացրած անձի անունը (անվանումը):

4. Որոշման նկարագրական մասը պետք է պարունակի`

1) գործի դատավարական նախապատմությունը՝ հաշվի առնելով վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը,

2) վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները,

3) անհրաժեշտության դեպքում նշում առանձին ակտի ձևով ընդունված որոշումների մասին:

5. Որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի`

1) գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, այդ թվում`

ա. այն փաստերը, որոնք հաստատել է առաջին ատյանի դատարանը, և վերաքննիչ բողոքում դրանք չեն վիճարկվել,

բ. այն փաստերը, որոնք հաստատել է առաջին ատյանի դատարանը, և վերաքննիչ բողոքում դրանք վիճարկվել են, սակայն վերաքննիչ դատարանը դրանց վերաբերյալ հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանը սխալ թույլ չի տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը և հղում կատարելով նման եզրակացության հիմքում ընկած ապացույցներին,

գ. այն փաստերը, որոնք հաստատել է առաջին ատյանի դատարանը, և վերաքննիչ բողոքում դրանք վիճարկվել են, և վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանը սխալ է թույլ տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը և հղում կատարելով նման եզրակացության հիմքում ընկած ապացույցներին: Նման դեպքերում վերաքննիչ դատարանը պետք է նշի, թե առաջին ատյանի դատարանի հաստատած փաստի փոխարեն ինչ նոր փաստ է հաստատված համարում, կամ առաջին ատյանի դատարանի հաստատած որ փաստը հաստատված չի համարվում` պատճառաբանելով նման եզրահանգումը և հղում կատարելով առաջին ատյանի դատարանի հետազոտած համապատասխան ապացույցներին,

դ. այն փաստերը, որոնք չի հաստատել առաջին ատյանի դատարանը, և դրանք չհաստատելը վիճարկվել է վերաքննիչ բողոքում, և վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա դրանք համարել է հաստատված` հղում կատարելով վերաքննիչ բողոք բերած անձի համապատասխան դիրքորոշմանը և առաջին ատյանի դատարանի հետազոտած այն ապացույցներին, որոնք ընկած են փաստի հաստատման հիմքում.

2) եզրահանգում` վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցերին.

ա. արդյոք հիմնավոր է վերաքննիչ բողոքի հիմքը` բողոքում տվյալ հիմքի վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում,

բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքը հիմնավոր չէ, ապա ինչ հիմնավորմամբ` հղում կատարելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքը հիմնավոր չէ,

գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքը հիմնավոր է, ապա ինչ հիմնավորմամբ` հղում կատարելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքը հիմնավոր է,

դ. բողոքը հիմնավոր լինելու դեպքում արդյոք վերաքննիչ բողոքում նշված` դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը հանդիսանում է դատական ակտի բեկանման հիմք, թե ոչ` պատճառաբանելով համապատասխան դիրքորոշումը.

3) սույն օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված լիազորությունը կիրառելու դեպքում` գործի նոր քննության ծավալը կամ նշում այն մասին, որ գործը պետք է քննվի ամբողջ ծավալով.

4) սույն օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կամ 5-րդ կետով նախատեսված լիազորությունը կիրառելու դեպքում` արդարադատության արդյունավետության շահի առկայության վերաբերյալ հիմնավորումները.

5) եզրահանգումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակի, ապացուցման ենթակա փաստերի շրջանակի, ապացուցման կարիք չունեցող փաստերի շրջանակի կամ ապացուցման պարտականության բաշխման վերաբերյալ, եթե վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանը սխալ է որոշել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, ապացուցման կարիք չունեցող փաստերի շրջանակը կամ սխալ է բաշխել ապացուցման պարտականությունը.

6) գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ վերաքննիչ դատարանի դիրքորոշումը` վկայակոչելով համապատասխան իրավական նորմերը:

6. Որոշման եզրափակիչ մասը պետք է պարունակի`

1) վերաքննիչ բողոքը բավարարելու կամ մերժելու մասին դատարանի եզրակացությունը,

2) վերաքննիչ բողոքը բավարարելու դեպքում` համապատասխան դատավարական հետևանքը,

3) գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ դատարանի եզրահանգումները,

4) վճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և փոփոխելու դեպքում՝ կիրառված հայցի ապահովման և վճռի կատարման ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու մասին եզրահանգումները,

5) կատարում ենթադրող որոշում կայացնելու դեպքում՝ նշում՝ որոշումը կամովին չկատարվելու դեպքում այն պարտապանի հաշվին հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին,

6) որոշման բողոքարկման ժամկետն ու այն վերադաս դատական ատյանը, որտեղ կարող է ներկայացվել բողոքը:

7. Վերաքննիչ դատարանի որոշման յուրաքանչյուր էջը կնքվում է գործը զեկուցող դատավորի կնիքով, իսկ որոշման եզրափակիչ մասն ստորագրում և կնքում են բողոքը քննած դատավորները:

8. Վերաքննիչ դատարանը, անհրաժեշտ համարելով շարունակել բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, իրավունք ունի վերսկսելու բողոքի քննությունը միայն մեկ անգամ:

9. Բողոքի քննությունը վերսկսելու մասին վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում, որում նշվում են բողոքի քննության ժամանակը և վայրը:

10. Սույն հոդվածով սահմանված պահանջները կիրառելի են առաջին ատյանի դատարանի միջանկյալ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշման նկատմամբ, եթե այլ բան չի բխում համապատասխան միջանկյալ դատական ակտի էությունից:

(381-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-129-Ն, լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն)

&#9878Հոդված 382. Վերաքննիչ դատարանի` առանձին ակտի ձևով կայացվող միջանկյալ դատական ակտը

1. Վերաքննիչ դատարանի` առանձին ակտի ձևով կայացվող միջանկյալ դատական ակտը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։