Հոդված 391. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետը
Հոդված 391. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետը
1. Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետի ավարտը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:
2. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը կարող են բողոքարկվել այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում, եթե սույն օրենսգրքով կամ այլ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:
2.1. Սույն օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ակտերի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել այդ ակտերի հրապարակման պահից տասնհինգօրյա ժամկետում:
3. Գործին մասնակից չդարձած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու երեք ամսվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ իմացել են կամ կարող էին իմանալ այդ դատական ակտի կայացման մասին:
4. Վճռաբեկ բողոք չի կարող բերվել, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի: Նշված ժամկետը ենթակա չէ վերականգնման:
(391-րդ հոդվածը լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն)