Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 13 · ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 134. Հայցի ապահովման միջոցի վերացումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 134. Հայցի ապահովման միջոցի վերացումը

1. Դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ կարող է վերացնել հայցի ապահովման միջոցը:

2. Հայցի ապահովման միջոցը կարող է լրիվ կամ մասնակի վերացվել, եթե՝

1) բացակայում են կամ վերացել են սույն օրենսգրքի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը.

2) առկա է հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու վերաբերյալ գործին մասնակցող այն անձի գրավոր համաձայնությունը, որի միջնորդությամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց.

3) սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում: Միջնորդության քննության արդյունքներով դատական ակտը պետք է կայացվի միջնորդությունն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը լուծվում է առանց դատական նիստ հրավիրելու՝ այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:

5. Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդության քննության արդյունքներով կայացվում է որոշում:

5.1. Դատարանն անշարժ գույքի նկատմամբ կամ դրա կապակցությամբ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, ձևափոխելու, իսկ հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու մասին որոշումը սույն օրենսգրքով սահմանված կարգով վերաքննիչ դատարան բողոքարկված չլինելու պարագայում էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով ուղարկում է անշարժ գույքի պետական ռեգիստր, եթե տվյալ հայցի ապահովման միջոցը կիրառելու մասին որոշումը դատարանն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկել է առանց կատարողական թերթը հարկադիր կատարման ուղարկելու: Այն դեպքում, երբ անշարժ գույքի նկատմամբ կամ դրա կապակցությամբ հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու մասին որոշումը սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկվել է վերաքննիչ դատարան, ապա դատարանն այն էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է վերաքննիչ դատարանի՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով կայացրած որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:

6. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու մասին դատարանի որոշումը վերաքննիչ դատարան կարող է բողոքարկել այն անձը, որի միջնորդությամբ կիրառվել էր հայցի ապահովման միջոց: Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման:

(134-րդ հոդվածը լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն, 22.10.25 ՀՕ-351-Ն)

(07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։