Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 15. Գործերի քննության բանավորությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Գործերի քննության բանավորությունը

1. Դատարանում գործերի քննությունն իրականացվում է բանավոր, եթե գործի քննության այլ կարգ նախատեսված չէ սույն օրենսգրքով:

&#9878Հոդված 16. Դատավարության լեզուն

1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական դատավարության լեզուն հայերենն է:

2. Գործին մասնակցող անձինք դատավարական բոլոր փաստաթղթերը ներկայացնում են հայերեն կամ այլ լեզվով՝ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը չպահպանելու դեպքում դատավարական փաստաթղթերը դատարանը չի քննարկում կամ չի թույլատրում, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

3. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:

4. Գործին մասնակցող անձին, նրա նախաձեռնությամբ նշանակված փորձագետին, նրա միջնորդությամբ հրավիրված մասնագետին կամ վկային դատարանը պետական միջոցների հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատասխան անձը չի տիրապետում հայերենին, և գործին մասնակցող անձն ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար:

5. Լսողական կամ խոսակցական խանգարումներ ունեցող անձինք, սույն հոդվածի դրույթներին համապատասխան, ապահովվում են գործի նյութերին ծանոթանալու, սույն օրենսգրքով սահմանված այլ իրավունքներից օգտվելու և պարտականություններ կրելու հնարավորությամբ` սուրդոթարգմանչի միջոցով:

6. Տեսողական խանգարումներ ունեցող անձանց համար, սույն հոդվածի դրույթներին համապատասխան, ապահովվում է դատական ակտերի հասանելիությունը` մատչելի եղանակով:

7. Հայաստանի Հանրապետության հաշվին թարգմանչի ծառայություններ մատուցելու անհրաժեշտություն առաջանալիս սույն հոդվածի 4-6-րդ մասերով նախատեսված դեպքերում դատարանի որոշման հիման վրա թարգմանիչ նշանակելու կարգը, թարգմանչի վարձատրության չափը և կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ։

&#9878Հոդված 17. Դատական վարույթի հրապարակայնությունը

1. Դատարանում գործը քննվում է դռնբաց դատական նիստում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Դատավարության մասնակիցների մասնավոր կյանքի, ներառյալ՝ առևտրային գաղտնիքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ դատական վարույթը կամ դրա մի մասը կարող է անցկացնել դռնփակ:

3. Դատական վարույթը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու հարցը լուծվում է դռնփակության պայմաններում:

4. Դատական վարույթը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու մասին դատարանը կայացնում է որոշում:

5. Դռնփակ դատական նիստում գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կանոնների պահպանմամբ: Դատական վարույթը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու դեպքում դատական նիստին իրավունք ունեն ներկա լինելու դատական նիստերի քարտուղարը, գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները, դատական կարգադրիչները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև վկան, փորձագետը, մասնագետը և թարգմանիչը: Նշված անձինք դատարանի կողմից ստորագրություն վերցնելու միջոցով նախազգուշացվում են օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները չհրապարակելու և սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին:

6. Դռնփակ դատական նիստում տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառումն արգելվում է:

7. Դատարանի՝ եզրափակիչ, իսկ սույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

8. Դատական վարույթը կամ դրա մասը դռնփակ անցկացվելու դեպքում դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է եզրափակիչ դատական ակտի եզրափակիչ մասը, բացառությամբ այն դեպքերի, երբ այն պարունակում է օրենքով պահպանվող գաղտնիք: Եզրափակիչ դատական ակտի՝ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող եզրափակիչ մասը հրապարակվում է դռնփակ նիստում:

9. Դատական վարույթը կամ դրա մի մասը դատարանի որոշմամբ դռնփակ անցկացվելու դեպքում տվյալ գործի հետագա քննությունն այլ դատական ատյաններում կատարվում է դռնփակ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ որոշում է կայացնում գործի քննությունը դռնբաց իրականացնելու վերաբերյալ:

(17-րդ հոդվածը խմբ. 07.02.24 ՀՕ-82-Ն)

(07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։