Հոդված 22. Քաղաքացիական գործերի տարածքային ընդդատությունը հայցվորի ընտրությամբ
Հոդված 22. Քաղաքացիական գործերի տարածքային ընդդատությունը հայցվորի ընտրությամբ
1. Մի քանի պատասխանողների դեմ հայցը հայցվորի ընտրությամբ կարող է ներկայացվել պատասխանողներից որևէ մեկի հաշվառման (գտնվելու) վայրի, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակության վայրի առաջին ատյանի դատարան:
2. Պատասխանողի դեմ, որը չունի հաշվառման վայր, և որի վերջին բնակության վայրն անհայտ է, հայց կարող է ներկայացվել նրա գույքի գտնվելու վայրի դատարան:
3. Կատարման վայրի վերաբերյալ ուղղակի նշում պարունակող պայմանագրից բխող հայցը կարող է ներկայացվել պայմանագրի կատարման վայրի առաջին ատյանի դատարան:
4. Ալիմենտ բռնագանձելու կամ հայրությունը որոշելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել հայցվորի հաշվառման կամ բնակության վայրի առաջին ատյանի դատարան:
5. Առողջությանը, պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին կամ կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել հայցվորի հաշվառման (գտնվելու) վայրի առաջին ատյանի դատարան կամ վնասը պատճառելու վայրի դատարան:
6. Անշարժ գույքին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել վնասը պատճառելու վայրի առաջին ատյանի դատարան:
7. Ամուսնալուծության վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել հայցվորի հաշվառման կամ բնակության վայրի առաջին ատյանի դատարան, եթե պատասխանողն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ, գտնվում է կալանքի տակ կամ դատապարտված է ազատազրկման հետ կապված պատժի, ինչպես նաև այն դեպքերում, երբ անչափահաս երեխան գտնվում է հայցվորի մոտ:
8. Իրավաբանական անձի դեմ հայցը, որը բխում է նրա ներկայացուցչության կամ մասնաճյուղի գործունեությունից, կարող է ներկայացվել համապատասխան ներկայացուցչության կամ մասնաճյուղի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:
9. Շարժական գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը հայցվորի ընտրությամբ կարող է ներկայացվել նրա հաշվառման (գտնվելու) կամ բնակության վայրի կամ նրա գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:
(22-րդ հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում երեխայի բնակության վայրը որոշելու վերաբերյալ հայցի՝ հայցվորի ընտրությամբ տարածքային (այլընտրանքային) ընդդատության կանոն այն դեպքում, երբ երեխան գտնվում է հայցվորի մոտ, ճանաչվել է Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և Սահմանադրության 75-րդ հոդվածին հակասող և անվավեր 06.05.26 ՍԴՈ-1827 որոշմամբ)