Հոդված 234.4. Դատական ակտը
Հոդված 234.4. Դատական ակտը
1. Հայցադիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) հայցը բավարարելու և պաշտպանական որոշումը կայացնելու մասին.
2) հայցը մերժելու մասին.
3) հայցը մասնակի բավարարելու և հայցադիմումում նշված սահմանափակումներից մեկը կամ մի քանիսը կիրառելու մասին.
4) հայցը մասնակի բավարարելու և հայցադիմումում նշված սահմանափակումների փոխարեն այլ սահմանափակում (սահմանափակումներ) կիրառելու մասին:
2. Պաշտպանական որոշման մեջ նշվում է պաշտպանական որոշման կիրառման ժամկետը:
Պաշտպանական որոշումը կարող է նախատեսել՝
1) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց ապաստարան տեղափոխելու անհրաժեշտություն.
2) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածների բուժման ծախսերի իրականացում բռնություն գործադրած անձի կողմից:
3. Դատարանի կայացրած պաշտպանական որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
4. Պաշտպանական որոշումն ուղարկվում է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց, իսկ եթե հայցադիմումը ներկայացրել է ոչ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը, ապա նաև՝ այն ներկայացրած անձին: Դատական ակտի պատճենները տրամադրվում են ոստիկանությանը, «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված լիազոր մարմնին և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ որոշման կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով: Եթե դատական ակտն առնչվում է անչափահաս կամ անգործունակ անձի շահերին, ապա այն ուղարկվում է նաեւ խնամակալության և հոգաբարձության մարմին:
5. (մասն ուժը կորցրել է 12.04.24 ՀՕ-171-Ն)
6. Պաշտպանական որոշումը կարող է վերացվել նաև ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի դիմումով, եթե ապացուցվում է, որ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ է ձեռնարկում, որոնք ուղղված են ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից պաշտպանական որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելուն:
(234.4-րդ հոդվածը խմբ., փոփ. 12.04.24 ՀՕ-171-Ն)
(234.4-րդ հոդվածի 3-րդ մասը այնքանով, որքանով չեն նախատեսում առաջին ատյանի դատարանի կողմից կայացված պաշտպանական որոշման վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն, ճանաչվել է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր 19.05.26 ՍԴՈ-1828 որոշմամբ)