Հոդված 363. Վերահսկվող գործարքներ
Հոդված 363. Վերահսկվող գործարքներ
1. Սույն գլխի կիրառության իմաստով՝ ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքը համարվում է վերահսկվող, եթե գործարքը կատարվում է Օրենսգրքի 362-րդ հոդվածով սահմանված փոխկապակցված հարկ վճարողների միջև, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դեպքերի:
2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող փոխկապակցված հարկ վճարողների միջև իրականացված՝ ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքը համարվում է վերահսկվող՝ հետևյալ դեպքերում.
1) գործարքի կողմերից մեկը, Օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, համարվում է ռոյալթի վճարող.
2) գործարքի կողմերից մեկը օգտվում է Օրենսգրքով` շահութահարկի, ԱԱՀ-ի և (կամ) ռոյալթիի գծով սահմանված հարկային արտոնություններից.
3) գործարքի կողմերից մեկը համարվում է «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված՝ ազատ տնտեսական գոտու շահագործող:
3. Ռեզիդենտ հարկ վճարողի և օֆշորային գոտիներում (երկրներում) գրանցված հարկ վճարողների միջև իրականացվող գործարքը` անկախ այդ հարկ վճարողների փոխկապակցվածության հանգամանքից, համարվում է վերահսկվող:
4. Սույն գլխի կիրառության իմաստով՝ ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքը համարվում է չվերահսկվող, եթե այն իրականացվել է Օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, փոխկապակցված չհամարվող հարկ վճարողների միջև, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գործարքների:
5. Սույն հոդվածի դրույթների համաձայն՝ վերահսկվող համարվող գործարքների նկատմամբ սույն գլխով սահմանված տրանսֆերային գնագոյացման կարգավորումները կիրառվում են, եթե հարկ վճարողի՝ հարկային տարվա ընթացքում իրականացրած բոլոր վերահսկվող գործարքների հանրագումարը գերազանցում է 200 միլիոն դրամը: