Հոդված 42. Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի ճշգրտումը
Հոդված 42. Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի ճշգրտումը
1. Օրենսգրքի կիրառության նպատակով ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքը ճշգրտվում է հետևյալ դեպքերում.
1) գործարքի առարկան պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանք է, և գործարքի կողմերի միջև կնքված գրավոր պայմանագրով նախատեսված է, որ գնորդի կողմից որոշակի ժամկետում այդ ապրանքները չիրացվելու դեպքում դրանք ենթակա են վերադարձման վաճառողին: Սույն կետի կիրառության իմաստով՝ գործարքի կողմերի միջև կնքված գրավոր պայմանագրի առկայության պայմանը համարվում է բավարարված նաև այն դեպքում, երբ մեկ ընդհանուր պայմանագրի շրջանակներում իրականացվում են պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքների մատակարարման մեկից ավելի գործարքներ.
2) գործարքի առարկան հանրային կամ կոմունալ ծառայություն է, և գործարքի կողմերի միջև կնքված գրավոր պայմանագրով նախատեսված է, որ այդ ծառայությունների ծավալը հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո կարող է ճշգրտվել.
3) գործարքի կողմերից առնվազն մեկը այդ գործարքի մասով գործում է Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հարկման հատուկ համակարգերից որևէ մեկում.
4) գործարքի առարկա համարվող ապրանքի քանակը, ծավալը և (կամ) որակական հատկանիշները, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, ստուգվում են գնորդի կողմից ապրանքի ընդունման պահին, և պարզվում է, որ դրանցից որևէ մեկը չի համապատասխանում պայմանագրով սահմանված պայմաններին.
5) գործարքի առարկան պետական գնումների շրջանակներում մատակարարվող ապրանք, կատարվող աշխատանք կամ մատուցվող ծառայություն է.
6) Օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասով և Օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասով չսահմանված այլ դեպքերում:
2. Ճշգրտված գործարքը դրա կողմերի համար Օրենսգրքով սահմանված իրավական հետևանքներ, այդ թվում՝ իրավունքներ և պարտականություններ, առաջացնում է միայն այն մասով, որը մնում է գործարքի ճշգրտման արդյունքում:
3. Ճշգրտված գործարքի մասով նախկինում դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը շարունակում է համարվել վավեր փաստաթուղթ, սակայն ճշգրտված գործարքի մասով ապրանք մատակարարողը, աշխատանք կատարողը և (կամ) ծառայություն մատուցողը Օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով դուրս է գրում նաև Օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված՝ համապատասխան ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ:
4. Գործարքի ճշգրտման դեպքում գործարքի կողմեր համարվող հարկ վճարողները (բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հարկ վճարողների) պարտավոր են գործարքի ճշգրտման արդյունքները՝
1) ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով արտացոլել համապատասխան ճշգրտող հաշվարկային փաստաթղթի դուրս գրման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կարգով իրենց կողմից կազմվող և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում, եթե գործարքի ճշգրտման արդյունքում նվազում են գործարքից առաջացած հարկային պարտավորության և հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարները.
2) ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով արտացոլել հիմնական գործարքի կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կարգով իրենց կողմից կազմվող և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում, եթե գործարքի ճշգրտման արդյունքում ավելանում են գործարքից առաջացած հարկային պարտավորության և հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարները.
3) այլ հարկերի և բնօգտագործման վճարի մասով արտացոլել հիմնական գործարքի կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կարգով իրենց կողմից կազմվող և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում:
5. Հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողները պարտավոր են գործարքի ճշգրտման արդյունքներն արտացոլել հանրային ծառայությունների ոլորտը կարգավորող լիազոր մարմնի ընդունած իրավական ակտերի համաձայն, գործարքի շրջանակներում մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի և (կամ) մատուցված ծառայության ծավալի ճշգրտման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կարգով իրենց կողմից կազմվող և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում:
6. Եթե ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի ճշգրտման՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերն առկա չեն, սակայն ապրանք մատակարարողը, աշխատանք կատարողը և (կամ) ծառայություն մատուցողը կատարել է գործարքի ճշգրտում (դուրս է գրել ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ), ապա գործարքի ճշգրտումը հաշվի չի առնվում: