Հոդված 71. Ավելացված արժեքի հարկի հաշվանցումների (պակասեցումների) իրականացման կարգը
Հոդված 71. Ավելացված արժեքի հարկի հաշվանցումների (պակասեցումների) իրականացման կարգը
1. ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (այդ թվում` այն դեպքում, երբ հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը ներառված է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող կամ հաջորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանում, սակայն հարկային հաշվում նշված գործարքը կատարվել է (այսինքն՝ հարկային հաշվում նշված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ամսաթիվը ներառված է) այդ հաշվետու ժամանակաշրջանում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Սույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են՝
ա. ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե համապատասխան գործարքին վերաբերող՝ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվը ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վավերացվել է մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ,
բ. համապատասխան գործարքին վերաբերող՝ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվը ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վավերացվելու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե հարկային հաշիվը չի վավերացվել մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ.
2) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով և չափով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի գումարները: Սույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են՝
ա. ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, բացառությամբ սույն կետի «գ» ենթակետով սահմանված դեպքերի,
բ. ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքների ներմուծման ճշտված մաքսային հայտարարագիր ներկայացնելու դեպքում՝ ներմուծման ճշտված մաքսային հայտարարագրի գրանցման և ԱԱՀ-ի լրացուցիչ գումարների վճարման օրերն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի, իսկ այդ օրերը տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում ներառված լինելու դեպքում՝ դրանցից վերջինը ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով՝ հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի լրացուցիչ գումարի մասով,
գ. Օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված՝ ապրանքների ներմուծման մասով մաքսային մարմնին վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարի վճարման ժամկետի հետաձգման դեպքում՝ ԱԱՀ-ի համապատասխան գումարի վճարման (այդ թվում՝ մասնակի) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով՝ վճարված ԱԱՀ-ի գումարի չափով,
դ. ապրանքների ներմուծման գծով մաքսային մարմնի կողմից իրականացվող հետբացթողումային ստուգման արդյունքում ԱԱՀ-ի գծով լրացուցիչ պարտավորություն առաջադրելու դեպքում՝ այդ պարտավորության կատարման (այդ թվում՝ մասնակի) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով՝ վճարված ԱԱՀ-ի գումարի չափով.
3) ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով և չափով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի գումարները: Սույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են՝
ա. ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե ապրանքների ներմուծման հարկային հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացվել և ներմուծման մասով ԱԱՀ-ի գումարները վճարվել են մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ,
բ. ապրանքների ներմուծման հարկային հայտարարագրի՝ հարկային մարմին ներկայացման և ԱԱՀ-ի գումարների վճարման օրերը ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի, իսկ այդ օրերը տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում ներառված լինելու դեպքում՝ դրանցից վերջինը ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, այդ թվում՝ սույն կետի «դ» ենթակետով սահմանված դեպքերում, եթե ապրանքների ներմուծման հարկային հայտարարագիրը հարկային մարմին չի ներկայացվել, և (կամ) ներմուծման մասով ԱԱՀ-ի գումարները չեն վճարվել մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ,
գ. ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ կամ Օրենսգրքով սահմանված կարգով ապրանքների ներմուծման ճշտված հարկային հայտարարագիր ներկայացնելու դեպքում՝ ներմուծման ճշտված հարկային հայտարարագրի ներկայացման և ԱԱՀ-ի լրացուցիչ գումարների վճարման օրերն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի, իսկ այդ օրերը տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում ներառված լինելու դեպքում՝ դրանցից վերջինը ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով՝ հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի լրացուցիչ գումարի մասով,
դ. Օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված՝ ապրանքների ներմուծման մասով հարկային մարմնին վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարի վճարման ժամկետի հետաձգման դեպքում՝ ԱԱՀ-ի համապատասխան գումարի վճարման (այդ թվում՝ մասնակի) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով՝ վճարված ԱԱՀ-ի գումարի չափով,
ե. հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգման արդյունքում ապրանքների ներմուծման մասով ԱԱՀ-ի գծով լրացուցիչ պարտավորություն առաջադրելու դեպքում՝ այդ պարտավորության կատարման (այդ թվում՝ մասնակի) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով՝ վճարված ԱԱՀ-ի լրացուցիչ գումարի չափով.
4) Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձից ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով Օրենսգրքի 56-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով ԱԱՀ վճարողների կողմից դուրս գրվող հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Սույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են՝
ա. ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե համապատասխան գործարքին վերաբերող հարկային հաշիվը դուրս է գրվել մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ,
բ. համապատասխան գործարքին վերաբերող հարկային հաշվի դուրսգրման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե հարկային հաշիվը դուրս է գրվել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետից հետո.
5) կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա կոմիտենտի և կոմիսիոների կամ պրինցիպալի և գործակալի միջև իրականացված գործարքների մասով կոմիտենտի կամ պրինցիպալի կողմից համապատասխանաբար կոմիսիոների կամ գործակալի անունով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները՝ սույն մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված կանոններով.
6) կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա կոմիսիոների և կոմիտենտի կամ գործակալի և պրինցիպալի միջև իրականացված գործարքների մասով կոմիսիոների կամ գործակալի կողմից համապատասխանաբար կոմիտենտի կամ պրինցիպալի անունով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները՝ սույն մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված կանոններով.
7) կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա կոմիսիոների և երրորդ կողմի կամ գործակալի և երրորդ կողմի միջև իրականացված գործարքների մասով համապատասխանաբար կոմիսիոների կամ գործակալի կողմից երրորդ կողմի անունով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները՝ սույն մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված կանոններով.
8) կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա երրորդ կողմի և կոմիսիոների կամ երրորդ կողմի և գործակալի միջև իրականացված գործարքների մասով երրորդ կողմի կողմից համապատասխանաբար կոմիսիոների կամ գործակալի անունով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները՝ սույն մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված կանոններով.
9) հավատարմագրային կառավարման հանձնված գույքի կազմում ներառվող` այդ գործարքների իրականացման նպատակով կատարված ձեռքբերումների գծով հարկային հաշիվներում, ներմուծման մաքսային և հարկային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները՝ սույն հոդվածով սահմանված կանոններով: