Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · Տերմինների օգտագործումը

Հոդված 18. Մերժման հիմքերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Մերժման հիմքերը

1. Սույն գլխի համաձայն՝ համագործակցությունը կարող է մերժվել, եթե`

ա) հայցվող գործողությունը հակասում է Հայցվող կողմի իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին, կամ

բ) հարցման կատարումը կարող է վնաս հասցնել Հայցվող կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին և այլ էական շահերին, կամ

գ) Հայցվող կողմի կարծիքով` հարցման մեջ նշված գործի կարևորությունը չի արդարացնում հայցվող գործողությունների ձեռնարկումը, կամ

դ) հարցման մեջ նշված հանցագործությունը հանդիսանում է քաղաքական կամ հարկային հանցագործություն, կամ

ե) Հայցվող կողմը գտնում է, որ հայցվող գործողությունը չի համապատասխանում ne bis in idem սկզբունքին, կամ

զ) հարցման մեջ նշված հանցագործությունը, Հայցվող կողմի օրենսդրության համաձայն, չէր հանդիսանա հանցագործություն, եթե կատարված լիներ իր իրավազորության ներքո: Այնուամենայնիվ, մերժման այս հիմքը կիրառվում է 2-րդ բաժնում նշված համագործակցության նկատմամբ միայն այն դեպքում, երբ հայցվող աջակցությունը ներառում է հարկադիր գործողություն:

2. 2-րդ բաժնում նշված համագործակցությունը, երբ հայցվող աջակցությունը ներառում է հարկադիր գործողություն, և սույն գլխի 3-րդ բաժնում նշված համագործակցությունը նույնպես կարող են մերժվել, եթե նախաքննության և դատական քննության նպատակների համար հայցվող միջոցները հնարավոր չէր լինի ձեռնարկել Հայցվող կողմի ներքին օրենսդրության համաձայն, եթե լիներ նմանատիպ ներքին գործ:

3. Այն դեպքերում, երբ դա պահանջում է Հայցվող կողմի օրենսդրությունը, 2-րդ բաժնում նշված համագործակցությունը այն չափով, որքանով հայցվող աջակցությունը ներառում է հարկադիր միջոցներ, և սույն գլխի 3-րդ բաժնում նշված համագործակցությունը կարող են նույնպես մերժվել, եթե հայցվող միջոցները կամ նմանատիպ ազդեցություն ունեցող ցանկացած այլ միջոց չէին թույլատրվի Հայցող կողմի օրենսդրությամբ, կամ եթե հարցումը հաստատված չէ Հայցող կողմի իրավասու մարմինների՝ դատավորի կամ հանցագործությունների առումով իրավասություն ունեցող ցանկացած այլ դատական մարմնի կողմից՝ ներառյալ դատախազությունը:

4. Սույն գլխի 4-րդ բաժնում նշված համագործակցությունը կարող է նույնպես մերժվել, եթե՝

ա) հարցման մեջ նշված հանցատեսակի համար Հայցվող կողմի օրենսդրությամբ բռնագրավում չի նախատեսվում, կամ

բ) առանց վնասելու 13-րդ հոդվածի 3-րդ կետում նշված պարտավորությունը, այն հակասում է Հայցվող կողմի` բռնագրավման սահմաններին վերաբերող ներքին օրենսդրության սկզբունքներին` նկատի առնելով հանցագործության կապը՝

i) տնտեսական օգուտի հետ, որը կարելի է որակել որպես դրա եկամուտներ, կամ

ii) գույքի հետ, որը կարելի է որակել որպես դրա գործիքներ,

գ) համաձայն Հայցվող կողմի օրենսդրության` բռնագրավման մասին որոշում չի կարող կայացվել կամ բռնագրավում չի կարող իրականացվել վաղեմության ժամկետը լրանալու պատճառով, կամ

դ) հարցումը չի վերաբերում նախկինում կայացված դատավճռին կամ դատական բնույթի որոշմանը կամ այդպիսի որոշման մեջ տեղ գտած հայտարարության այն մասին, որ կատարվել է հանցագործություն կամ մի քանի հանցագործություններ, որոնց հիման վրա բռնագրավման մասին որոշում է կայացվել, կամ բռնագրավում է հայցվում, կամ

ե) Հայցող կողմում բռնագրավումը կիրարկելի չէ կամ դեռ ենթակա է բողոքարկման սովորական միջոցներով, կամ

զ) հարցումը վերաբերում է այն բռնագրավման որոշմանը, որը կայացվել է անձի բացակայությամբ կայացված որոշման հիման վրա և, Հայցվող կողմի կարծիքով, այս որոշումը ընդունելուն հանգեցնող՝ Հայցող կողմի դատական քննության ընթացքում չեն պահպանվել հանցագործության մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի համար նախատեսված պաշտպանության նվազագույն իրավունքները:

5. Սույն հոդվածի 4-րդ կետի «զ» ենթակետի նպատակներով որոշումը չի համարվում կայացված անձի բացակայությամբ, եթե՝

ա) հաստատվել կամ հայտարարվել է շահագրգիռ անձի բողոքարկումից հետո,

բ) կայացվել է վերաքննության կարգով՝ պայմանով, որ վերաքննիչ բողոքը բերվել է տվյալ անձի կողմից:

6. Երբ Հայցվող կողմը քննարկի այն հարցը, թե արդյո՞ք պաշտպանության նվազագույն իրավունքները պահպանվել են սույն հոդվածի 4-րդ կետի «զ» ենթակետի նպատակներով, հաշվի կառնի այն փաստը, որ շահագրգիռ անձը միտումնավոր խուսափել է արդարադատությունից, կամ այն փաստը, որ այդ անձը հնարավորություն ուներ դիմելու դատարան իր բացակայությամբ ընդունված որոշման դեմ, բայց նախընտրել է այդ չանել: Նույնը կիրառվում է նաև, երբ շահագրգիռ անձը պատշաճորեն ծանուցվել է դատարան ներկայանալու մասին, բայց նախընտրել է չներկայանալ կամ չի խնդրել հետաձգել գործը:

7. Կողմը բանկային գաղտնիքը չպետք է վկայակոչի որպես սույն գլխում նշված համագործակցության մերժման հիմք: Ներքին օրենսդրության պահանջների համաձայն` Կողմը կարող է պահանջել, որ համագործակցության մասին հարցումը, որը կներառի բանկային գաղտնիքի բացահայտում, լինի թույլատրված դատավորի կամ հանցագործությունների առումով իրավասություն ունեցող ցանկացած այլ դատական մարմնի կողմից՝ ներառյալ դատախազությունը:

8. Առանց վնասելու սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված մերժման հիմքերը`

ա) քննության ենթակա անձի կամ Հայցող կողմի լիազորված մարմինների կողմից բռնագրավման մասին որոշման ենթակա անձի իրավաբանական անձ հանդիսանալը չպետք է վկայակոչվի Հայցվող կողմի կողմից որպես սույն գլխում նշված ցանկացած համագործակցության խոչընդոտ,

բ) այն փաստը, որ ֆիզիկական անձը, ում նկատմամբ կայացվել է եկամուտների բռնագրավման մասին որոշում, այդպիսի որոշում ընդունելուց հետո մահացել է, կամ այն փաստը, որ իրավաբանական անձը, ում դեմ կայացվել է եկամուտների բռնագրավման մասին որոշում, լուծարվել է, չպետք է վկայակոչվի որպես 13-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված աջակցության խոչընդոտ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։