Հոդված 44. Ծանուցումներ
Հոդված 44. Ծանուցումներ
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը կծանուցի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և յուրաքանչյուր պետության, որը միացել է սույն Կոնվենցիային`
ա) յուրաքանչյուր ստորագրման մասին,
բ) յուրաքանչյուր վավերագիր, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթ ի պահ տալու մասին,
գ) 36-րդ ու 37-րդ հոդվածների համաձայն՝ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր ամսաթվի մասին,
դ) 40-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր վերապահման մասին,
ե) սույն Կոնվենցիային առնչվող յուրաքանչյուր այլ փաստաթղթի, ծանուցման կամ հաղորդակցության մասին:
Ի հաստատումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Ստրասբուրգում 1990 թվականի նոյեմբերի 8-ին, մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ են տրվելու Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված կրկնօրինակները կուղարկի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության, ոչ անդամ այն պետություններին, որոնք մասնակցել են սույն Կոնվենցիայի մշակմանը, և յուրաքանչյուր այլ պետության, որը հրավիրվել է՝ միանալու սույն Կոնվենցիային:
*Կոնվենցիայի 40-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը կատարում է հետևյալ հայտարարությունները.
I
Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետը տարածվում է հետևյալ հանցագործությունների կատեգորիաների վրա.
ա) սեփականության դեմ ուղղված հանցագործություններ.
բ) տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ.
գ) հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ.
դ) բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ.
ե) սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ.
զ) պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ.
Հայաստանի Հանրապետությունը իրեն իրավունք է վերապահում հետագայում ավելացնել հանցագործությունների այլ կատեգորիաներ:
II
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, 6-րդ հոդվածի 1-ին կետը տարածվում է սույն հայտարարությունների I-ին բաժնում նշված բոլոր հանցագործությունների կատեգորիաների նկատմամբ:
III
Կոնվենցիայի 14-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, 14-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված սկզբունքների և իրավական համակարգի հիմնական հասկացությունների համաձայն:
IV
Կոնվենցիայի 23-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության համար Կոնվենցիայի 23-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կենտրոնական մարմիններն են.
ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռների կատարման կապակցությամբ հարցումների ուղարկման և ստացման հարցերով.
բ) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը՝ քրեական հետապնդում իրականացնելու փուլում գտնվող գործերով հարցումների ուղարկման և ստացման հարցերով:
V
Կոնվենցիայի 25-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետությանն ուղղված հարցումները և հարցումներին առնչվող փաստաթղթերը պետք է ուղեկցվեն հայերեն կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներից որևէ մեկի հաստատված թարգմանությամբ:
VI
Կոնվենցիայի 32-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, Կոնվենցիայի 3-րդ գլխի նորմերով սահմանաված կարգով Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրված տեղեկատվությունը կամ ապացույցը չի կարող առանց Հայաստանի Հանրապետության նախնական համաձայնության Հայցող կողմի իրավասու մարմինների կողմից օգտագործվել կամ փոխանցվել այլ հետաքննության կամ վարույթի համար, քան այն, որը նշված է հարցման մեջ:
**Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի մարտի 1-ից: