Հոդված 24. Ասամբլեա
Հոդված 24. Ասամբլեա
1) ա) Պայմանավորվող կողմերն ունեն Ասամբլեա:
բ) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ներկայացվում է մեկ պատվիրակով, որը կարող է ունենալ տեղակալներ, խորհրդատուներ ու փորձագետներ:
գ) Յուրաքանչյուր պատվիրակության ծախսերը հոգում է այն նշանակող Պայմանավորվող կողմը: Ասամբլեան կարող է դիմել ՄՍՀԿ-ին ֆինանսական օժանդակության խնդրանքով՝ օժանդակելու համար այն Պայմանավորվող կողմերի պատվիրակների մասնակցությունը, որոնք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պրակտիկայի համաձայն՝ համարվում են զարգացող երկրներ, կամ որոնք գտնվում են շուկայական տնտեսության անցումային փուլում:
2) ա) Ասամբլեան քննարկում է այն հարցերը, որոնք առնչվում են սույն Պայմանագրի պահպանմանը, զարգացմանը, կիրառմանն ու աշխատանքին:
բ) Ասամբլեան կատարում է 26-րդ հոդվածի 2-րդ կետով ստանձնած գործառույթը սույն Պայմանագրին որոշ միջկառավարական կազմակերպությունների մասնակցությանը նպաստելու առնչությամբ:
գ) Ասամբլեան որոշում է սույն Պայմանագրի վերանայման նպատակով դիվանագիտական համաժողով գումարել և անհրաժեշտ հանձնարարականներ է տալիս ՄՍՀԿ Գլխավոր տնօրենին` նման դիվանագիտական համաժողով նախապատրաստելու համար:
3) ա) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որը պետություն է ներկայացնում, ունի մեկ քվե և քվեարկում է միայն իր անունից:
բ) Ցանկացած Պայմանավորվող կողմ, որը հանդես է գալիս որպես միջկառավարական կազմակերպություն, կարող է մասնակցել քվեարկությանը իր անդամ պետությունների փոխարեն՝ ձայների այն քանակությամբ, որը հավասար է անդամ պետությունների ձայների քանակին, որոնք սույն Պայմանագրի կողմերն են: Ոչ մի նման միջկառավարական կազմակերպություն չի կարող մասնակցել քվեարկությանը, եթե նրա անդամ պետություններից մեկը օգտվում է քվեարկության իր իրավունքից և ընդհակառակը:
4) Ասամբլեան հերթական նիստի է հավաքվում յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ՝ ՄՍՀԿ գլխավոր տնօրենի գումարմամբ:
5) Ասամբլեան ընդունում է ընթացակարգի իր կանոնները, ինչպես նաև արտահերթ նիստերի գումարումը, քվորումի պահանջները և, ելնելով Պայմանագրի դրույթներից, տարատեսակ որոշումների ընդունման համար ապահովում է պահանջվող մեծամասնությունը: