Հոդված 25. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավունքները և պարտականությունները
Հոդված 25. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավունքները և պարտականությունները
Օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում ունի մտքի, խոսքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում իրավունք ունի պահպանելու իր ազգային լեզուն, մշակույթը և սովորույթները:
Օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում չունի ընտրական իրավունք, չի կարող անդամագրվել Հայաստանի Հանրապետության հասարակական- քաղաքական որևէ կազմակերպության, չի կարող ընտրվել կամ նշանակվել այնպիսի պաշտոնների կամ զբաղվել այնպիսի գործունեությամբ, որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված է ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Օտարերկրյա քաղաքացին ունի անձնական և ընտանեկան կյանքին անօրինական միջամտելուց օրենքով պաշտպանվելու, անձի և բնակարանի անձեռնմխելիության, հաղորդակցության գաղտնիության, պատվի և արժանապատվության, կյանքի և առողջության, անձնական ազատության և գույքի դեմ ոտնձգություններից դատական պաշտպանության Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար իրավունքներ:
Օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ունի սեփականության, աշխատանքի և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք:
Օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում կարող է ամուսնանալ կամ ամուսնալուծվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ընտանեկան հարաբերություններում ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար իրավունքներ և պարտականություններ:
Օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում վճարում է հարկեր, տուրքեր և կատարում այլ պարտադիր վճարումներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելու պարտականություն չի կրում:
Օտարերկրյա քաղաքացին իր իրավունքները պաշտպանելիս օգտվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների իրականացման համար սահմանված բոլոր երաշխիքներից:
Օտարերկրյա քաղաքացուն ձերբակալելիս, կալանելիս, քրեական պատասխանատվության ենթարկելիս կամ Հայաստանի Հանրապետությունից նրա ելքն արգելելիս համապատասխան պաշտոնատար անձինք պարտավոր են ոչ ուշ, քան քսանչորս ժամվա ընթացքում այդ մասին տեղյակ պահել օտարերկրյա քաղաքացու շահերը պաշտպանող պետության ներկայացուցչությանը, իսկ փախստականների դեպքում` Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատարին:
Օտարերկրյա քաղաքացին պարտավոր է ոչ ուշ, քան Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի կամ կացության ժամկետի լրանալը, հեռանալ Հայաստանի Հանրապետությունից:
Օտարերկրյա քաղաքացու` իր իրավունքներից և ազատություններից օգտվելը չպետք է վնաս հասցնի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլ անձանց իրավունքներին և ազատություններին, հասարակական կարգին, ընդհանուր բարեկեցությանը, Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: