Հոդված 13. ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 13. ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Արտոնագրատիրոջ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում արտոնագրով պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործումը`
1) որպես գիտափորձի կամ գիտական հետազոտության առարկա.
2) բժշկի դեղատոմսով դեղատներում դեղորայքի միանգամյա պատրաստման դեպքում.
3) այլ պետությանը պատկանող և պատահաբար կամ ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ցանկացած փոխադրամիջոցի վրա, եթե դա պայմանավորված է բացառապես փոխադրամիջոցի կարիքներով, և փոխադրամիջոցը պատկանում է այն պետության քաղաքացիներին և (կամ) իրավաբանական անձանց, որը նույնպիսի իրավունքներ է վերապահում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց.
4) անձնական կարիքների համար` առանց եկամուտ ստանալու նպատակի.
5) եթե արտոնագրով պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտ պարունակող կամ գյուտի արտոնագրով պահպանվող եղանակի կիրառմամբ ստացված արտադրանքը Հայաստանի Հանրապետությունում օրինական ճանապարհով շրջանառության մեջ է դրվել արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ:
2. Արտոնագրատիրոջ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում նաև արտոնագրով պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտ պարունակող կամ արտոնագրով պահպանվող եղանակի կիրառմամբ ստացված արտադրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք, եթե դա այլ երկրում վաճառքի միջոցով օրինական ճանապարհով քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ: