Հոդված 5. ԳՅՈՒՏԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 5. ԳՅՈՒՏԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Գյուտը պահպանվում է օրենքով սահմանված կարգով, եթե դա նոր է, ունի գյուտարարական մակարդակ և արդյունաբերորեն կիրառելի է (գյուտի արտոնագրաունակության պայմաններ):
2. Գյուտը նոր է, եթե դա տեխնիկայի մակարդակի առանձին մաս չէ:
3. Գյուտն ունի գյուտարարական մակարդակ, եթե մասնագետի համար դա ակնհայտորեն չի բխում տեխնիկայի մակարդակից:
4. Տեխնիկայի մակարդակը ներառում է մինչև տվյալ գյուտի առաջնության տարին, ամիս-ամսաթիվը (այսուհետ` թվական) աշխարհում հանրամատչելի դարձած տեխնիկայի բնագավառի լուծումների (առանձին մասերի) վերաբերյալ ցանկացած տեղեկություն: Տեխնիկայի մակարդակը ներառում է նաև գերատեսչություն ներկայացված հայտերով բացահայտված ավելի վաղ առաջնությամբ գյուտերի և օգտակար մոդելների էությունը, պայմանով, որ տվյալ հայտերը կամ դրանց հիման վրա տրված արտոնագրերը գերատեսչությունը կհրապարակի հետագայում:
5. Արտոնագրմանը չի խոչընդոտում հեղինակի (հայտատուի) կամ նրանից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղեկություն ստացած այլ անձի կողմից գյուտի էության հրապարակային բացահայտումը (այդ հանգամանքը պետք է ապացուցի հայտատուն), եթե դա կատարվել է գյուտի հայտը ներկայացնելուն նախորդող 12 ամսվա ընթացքում, իսկ ավելի վաղ առաջնություն պահանջելու դեպքում` այդ առաջնության թվականին նախորդող 12 ամսվա ընթացքում:
6. Գյուտն արդյունաբերորեն կիրառելի է, եթե հնարավոր է դա պատրաստել կամ օգտագործել արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում:
7. Գյուտի առարկա կարող են լինել սարքը, եղանակը, նյութը, կենսատեխնոլոգիական արգասիքը, ինչպես նաև հայտնի սարքի, եղանակի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի կիրառումը նոր նշանակությամբ:
8. Արտոնագրաունակ գյուտեր չեն`
1) գիտական տեսությունները և մաթեմատիկական մեթոդները.
2) տնտեսության կազմակերպման և ղեկավարման եղանակները.
3) պայմանական նշանները, կարգացուցակները և կանոնները.
4) մտավոր գործողությունների կատարման եղանակները և կանոնները.
5) հաշվիչ մեքենաների ալգորիթմները.
6) կառույցների, շենքերի ու տարածքների հատակագծերի սխեմաները և նախագծերը.
7) իրի արտաքին տեսքին վերաբերող այն առաջարկությունները, որոնք ունեն միայն գեղագիտական նշանակություն.
8) բույսերի տեսակները և կենդանիների ցեղատեսակները, ինչպես նաև դրանց ստացման բնական կենսաբանական եղանակները:
9) մարդու կլոնավորման եղանակները.
10) արդյունաբերական կամ առևտրային նպատակներով մարդու էմբրիոնների օգտագործումը.
11) մարդու սաղմի բջիջների գենետիկական նույնականության ձևափոխման եղանակները.
12) կենդանիների գենետիկական նույնականության ձևափոխման եղանակները, ինչպես նաև այդ եղանակով ստացված կենդանին:
(5-րդ հոդվածը խմբ., լրաց. 18.11.03 ՀՕ-34-Ն)