Հոդված 23. ԳՅՈՒՏԻ ՀԱՅՏԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 23. ԳՅՈՒՏԻ ՀԱՅՏԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Գյուտի հայտի նախնական փորձաքննությունը գերատեսչությունն անցկացնում է հայտը ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում` սույն հոդվածի և իր սահմանած կարգի համաձայն:
2. Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում է հայտի անհրաժեշտ և սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված փաստաթղթերի առկայությունը, պարզվում է ներկայացված գյուտի համապատասխանությունը սույն օրենքի 4 հոդվածի 6-րդ կետով, 5 հոդվածի 7-8-րդ կետերով և 19 հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին` առանց գյուտի տնտեսական արդյունավետության գնահատման:
3. Եթե նախնական փորձաքննության արդյունքում պարզվի, որ հայտի փաստաթղթերը համապատասխանում են սահմանված պահանջներին, ապա գերատեսչությունը որոշում է կայացնում հայտի պաշտոնական հրապարակման մասին:
4. Եթե պարզվի, որ հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին, ապա հայտատուին ուղարկվում է հարցում` ուղղված կամ պակաս փաստաթղթերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:
5. Եթե հայտը ներկայացվել է միասնության պահանջի խախտմամբ, ապա հայտատուին առաջարկվում է երկամսյա ժամկետում հայտնել, թե գյուտերից որը պետք է քննարկվի, և անհրաժեշտ ճշգրտումներ կատարել հայտի փաստաթղթերում:
6. Միասնության պահանջի խախտման մասին ծանուցագիրը նշված երկամսյա ժամկետում հայտատուի կողմից անպատասխան թողնելու դեպքում քննարկվում է այն գյուտը, որը հավակնության սահմանման մեջ բերված է առաջինը:
7. Նախնական փորձաքննության ընթացքում հայտատուն իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա կարող է լրացուցիչ նյութեր ներկայացնելով ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում` չփոփոխելով ներկայացված գյուտի էությունը, եթե հայտ ներկայացնելիս նա չի հրաժարվել այդ իրավունքից: Լրացուցիչ նյութերը համարվում են գյուտի էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են հավակնության սահմանման մեջ մտցվելու ենթակա հատկանիշներ, որոնք առկա չեն եղել հայտի սկզբնական նյութերում: Լրացուցիչ նյութերի այն մասը, որը փոփոխում է ներկայացված գյուտի էությունը, փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվում, և հայտատուն կարող է դա ձևակերպել որպես առանձին հայտ:
8. Փորձաքննության հարցմանը համապատասխան լրացուցիչ կամ ճշգրտված նյութերը երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված:
9. Եթե նախնական փորձաքննության արդյունքում պարզվի, որ ներկայացված գյուտը վերաբերում է սույն օրենքի 4 հոդվածի 6-րդ կամ 5 հոդվածի 8-րդ կետին, ապա որոշում է կայացվում արտոնագիր տալը մերժելու մասին:
10. Արտոնագիր տալը մերժելու մասին փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի կրկնական փորձաքննության խնդրանքով դիմել գերատեսչություն: Կրկնական փորձաքննությունն անցկացվում է դիմումն ստանալու օրվանից 1-ամսյա ժամկետում:
11. Կրկնական փորձաքննության արդյունքում գերատեսչությունը կայացնում է որոշում` նախնական արտոնագիր տալը մերժելու կամ հայտի պաշտոնական հրապարակման մասին:
12. Կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել գերատեսչության բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:
13. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:
(23-րդ հոդվածը փոփ., խմբ. 18.11.03 ՀՕ-34-Ն)